Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովում չեզոքացվել են դեպի Ղրիմի թերակղզի շարժվող հինգ անօդաչու նավակներ։ Նաև, ըստ գերատեսչության, ոչնչացվել է Ղրիմի կամրջի ուղղությամբ արձակված ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական տասներկու հրթիռ: Ռուսական կողմն արձակումների համար մեղադրել է Ուկրաինային:
Կուրսկի շրջանում ևս լարվածությունը պահպանվում է: Տեղական իշխանությունը հերթական անգամ հայտարարել է անօդաչուների հնարավոր հարձակման վտանգի մասին: Ուկրաինական կողմի տվյալով՝ երկրի ուժերը հաջողություններ են գրանցում: Վերջին պաշտոնական տվյալով՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 82 բնակավայր:
Ռուսաստանի նախագահը հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրակարգում են հատուկ գործողության ընթացքում կիրառվող տեխնիկական նոր լուծումները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










