ԼԼուսինե Մուրադյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում

Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման կարգը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հուլիսի 10-ի արտահերթ նիստում:

Զեկուցողի խոսքով՝ քրեական արդարադատության և քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ իրականացումը, որը հիմք է վերասոցիալականացման անհատական ծրագրի մշակման և իրականացման համար:

«Քրեակատարողական օրենսգիրքը սահմանում է, որ  վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման աշխատանքները սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից և հիմնվում է նրա ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների վրա»,- ընդգծել է փոխնախարարը:

Հաջորդ կարգավորմամբ նախատեսվում է հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվելու է միջին անվտանգային գոտու խիստ միջոցների համար նախատեսված պայմաններում (այն է` խցային): Լևոն Բալյանը նշել է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար նպատակահարմար ենք համարում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկված անձինք»,- մանրամասնել է Կառավարության ներկայացուցիչը և հավելել, որ առաջարկվող կարգավորումներով դատապարտյալը պահվելու է իր համար նախատեսված մեկուսացված խցում:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով` բժշկական օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում:

Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու է «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխություններին:

Ողջունելով նախաձեռնության գաղափարը` հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը կարծիք է հայտնել, որ այն պետք է քննարկվեր առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ: Պատգամավորն անընդունելի է համարել նման կարևոր փոփոխություններ նախատեսող օրինագծի` արտահերթ նիստի ձևաչափով քննարկումը: Զեկուցողի խոսքով՝ լինում են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կարճ ժամանակում հնարավոր չէ ստանալ:

Առաջին ընթերցմամբ քննարկված ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն նախատեսող օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում