ՎՎահե Դավթյան

Դռները բացեք. Եվրոն կարծես թե գալիս է... մարզական մեկնաբան

Դռները բացեք. Եվրոն կարծես թե գալիս է... մարզական մեկնաբան

Ֆուտբոլային Եվրոպան, ինչու ոչ՝ նաև աշխարհը հիասթափության շեմին էր կամ դեռ շեմին է: Եվրո 2024-ի մեկնարկից առաջ բոլորի սպասելիքները ամենաբարձր մակարդակի էին՝ ֆենոմենալ ֆուտբոլի հույսով ու սպասումով: Փրայմ Պորտուգալիա, որն ընտրական փուլում անցկացրած 10 խաղում տոնեց նույնքան հաղթանակ, անհավանական հզոր կազմ ունեցող Անգլիա՝ «փրկիչ» Ջուդով, ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ Ֆոդենով ու տիտղոսի ծարավ Քեյնով, վերջին տարիներին մշտապես ֆավորիտ Ֆրանսիան՝ բարձր տրամադրությամբ Մադրիդ տեղափոխված Մբապեով, տանտեր Գերմանիան ու միշտ վտանգավոր Իսպանիան: Այս ընտրանիների կողքին կարելի է ավելացնել Նիդերլանդներին, Բելգիային, Շվեյցարիային, Խորվաթիային ու, իհարկե, գործող չեմպիոն Իտալիային:

Առաջին հայացքից դիտարժան խաղերի պակաս չէինք ունենալու, բայց... Պայքարի մեջ է մնացել 8 հավաքական, կայացել է 44 խաղ, իսկ քանի՞սն են դիտարժան ստացվել... Բացատրությունները տարբեր են: Թոփ հավաքականները խնայում են իրենց խմբային փուլում, Անգլիայում խնդիրը մարզիչն է, Դեշամը սպառել է իրեն, Պորտուգալիան խաղում է Ռոնալդուի համար, Իտալիան թույլ կազմ ունի:

Այս ամենի ֆոնին հիացնում է Իսպանիան: Ֆուրիա Ռոխան 4 խաղ է անցկացրել՝ 4-ում էլ հիանալի տպավորություն գործելով: Պատահական չէ, որ Իսպանիայի՝ հաղթող դառնալու հավանականությունը մեծացել է: Գերմանիան ևս լավն է, բայց ոչ այնքան, որքան Իսպանիան: «Սառնասիրտները» տպավորեցին առաջին խաղում, մնացած խաղերում ամեն ինչ հաշվարկ էր՝ գերմանական չոր հաշվարկ: Պորտուգալիան խմբային փուլում 2 հաղթանակ տոնեց, մեկը՝ մեծ դժվարությամբ: Երրորդ տուրում ինչ-որ տեղ զիջեց խաղը Վրաստանին, որն այս առաջնության իրական բացահայտումն էր: Վրացիները հասան մինչև 1/8 եզրափակիչ:

1/8 եզրափակչում Պորտուգալիան փրկվեց: Փրկվեցին Ռոնալդուն ու Պեպեն: Չնայած  այս խաղացողներն իրենց կարիերայի ընթացքում գրեթե ամեն ինչ տեսել են, բայց սլովենացիները կարող էին դաժան վարվել ու նրանց շատ դաժան ճանապարհել: Ռոնալդուի՝ 11 մետրից վրիպումն ու Պեպեի սխալը Շեշկոն չօգտագործեց: Ֆուտբոլը շատ հաճախ անարդար սպորտ է, բայց ոչ այնքան, որ այսպիսի խաղացողների հետ «մահացու» վարվեր: Պորտուգալիան դեռ իր լավագույն մարզավիճակում չէ:

Շատ բան կարող ենք տեսնել Ֆրանսիայի հետ մրցավեճում: Ֆրանսիան նույնպես չի տպավորում՝ 4 խաղ, 3 խփած գոլ՝ 2 ինքնագոլով ու մեկ 11 մետրանոցով: Խաղից ոչ մի ֆրանսիացի առայժմ գոլ չի խփել: Խմբային փուլն էլ անցավ, բայց Ֆրանսիան չարթնացավ: Աշխարհի ամենաարագ «Նինձյա կրիան» դեռ իրեն է փնտրում խաղադաշտում: Ֆրանսիայի հավաքականը  ևս քառորդ եզրափակչում ասելիք և անելիք ունի:

Դիտարժան մի քանի խաղ կարելի է հիշել: Ավստրիա-Նիդերլանդներ խաղում պայքարը տպավորիչ էր: Թեև հոլանդացիները պարտվեցին, բայց խաղով այս Եվրոյում նրանք շատերին են գերազանցում՝ վկա՝ ռումինացիների հետ փլեյ օֆի խաղը: Բելգիական «Ոսկե սերունդը» կրկին պայքարը շատ վաղ թողեց: Իտալիան, թերևս, այս կազմով արեց առավելագույնը, իսկ Շվեյցարիան նորից լավն է: Նորից բոլոր դիրքերում «ժամագործներն» ունեն վառ առաջատարներ, ունեն բալանսավորված կազմ ու լավ մարզիչ: Նրանք քառորդ եզրափակչում են ու կիսաեզրափակչի ուղեգիրը խաղարկելու են Սլովակիայի ճիրաններից փրկված, անատամ ու մռայլ Անգլիայի հետ:

Իսպանիա-Գերմանիա, Պորտուգալիա-Ֆրանսիա, Նիդերլանդներ-Թուրքիա, Անգլիա-Շվեյցարիա: Առաջին հայացքից թեժ դիմակայությունների խնդիր չենք ունենալու և հուսանք, որ դա այդպես էլ կլինի: Պրագմատիկ ֆուտբոլը երկրպագուի համար չէ: Մարզասերն ուզում է պայքար ու կիրք տեսնել, իսկ այս հավաքականները դա կարող են ապահովել:

Հեղինակ՝ Արմեն Գարամյան

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում