ԼԼուսինե Մուրադյան

Լոռիում 17-ամյա քաղաքացուն դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. անչափահասի համադասարանցին կալանավորված է

Լոռիում 17-ամյա քաղաքացուն դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. անչափահասի համադասարանցին կալանավորված է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17-ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

 

2024 թ․ մայիսի 3-ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, որդուն դանակահարել են՝ ներկայացնելով նաև տվյալներ առերևույթ հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։

 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024 թ․ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Լոռու մարզի Տաշիր համայնքի սկզբնամասում առկա տաղավարին հարակից տարածքում նույն բնակավայրի 18-ամյակը լրացած բնակիչը ձեռքին եղած ծալովի դանակով հանկարծակի հարվածել է իր համադասարանցի 17-ամյա պատանու որովայնի աջ կողային հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վերջինիս պառկեցնելով մեջքի վրա՝ պահանջել է իրեն հանձնել նրա ձեռքին եղած ոսկյա թևնոցը, ապա տուժողի կողմից ձեռքը մեկնելուց հետո հանել և հափշտակել է այն։

 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

 

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։ 18-ամյա երիտասարդը խոստովանել է կատարվածը և համապատասխան քննչական գործողության շրջանակներում Լեռնահովիտ բնակավայրի տներից մեկի բակից՝ քարերի տակից, հանել և ներկայացրել է հափշտակված ոսկյա թևնոցը։
 
Երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ ավազակություն կատարելը)։
 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 18-ամյա անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում