ԳԳոհար Սարգսյան

«Ինչ է սա տալու Հայաստանին» հարցը ունի անառարկելի դրական պատասխան` սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ. Հռիփսիմե Գրիգորյան

«Ինչ է սա տալու Հայաստանին» հարցը ունի անառարկելի դրական պատասխան` սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ. Հռիփսիմե Գրիգորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաստենք առաջնայինը. հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությամբ Սահմանազատման գործընթացի հիմք կլինի 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագիրը: Թերևս բոլորը գիտեն, որ Ադրբեջանը տևական ժամանակ չէր համաձայնում սրան: Հաջորդը, որոշված հատվածներում սահմանազատման գործընթացը Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու պայմանավորվածությունն է, այսինքն՝ ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզների հիման վրա: Կրկին, փաստենք, որ այս կետը եւս գրավոր կերպով Ադրբեջանը չէր համաձայնում արձանագրել:

Այսպիսով, «ինչ է սա տալու Հայաստանին» հարցը ունի անառարկելի դրական պատասխան` սահմանազատված պետական սահման Ադրբեջանի հետ: Եվ վերջում, թերևս, ավելորդ անգամ, բայց արձանագրենք. գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ ուղիղ նշվում են գյուղերի անունները փակագծում հայկական գյուղերի կողքը ՀՀ, ադրբեջանականը՝ ԱՀ նշումով: Ձևակերպված պայմանավորվածությունների տրամաբանության կյանքի կոչումը կբերի խաղաղություն և կայունություն ոչ միայն մեր սահմաններին, այլև ողջ տարածաշրջանում»:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում