ԳԳոհար Սարգսյան

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը:

«Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հատկանշական է, որ հացադուլն սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Հարկ է նշել, որ հունվարին սպասվող դատաքննությունն առանց պատճառի տեղափոխվել է մինչև մայիս:

Անցած տարի սեպտեմբերին ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանին և Արցախի Հանրապետության ևս 7 նախկին ու ներկա պաշտոնյաների առաջադրվել են շինծու մեղադրանքներ քաղաքական դրդապատճառներով: Նրանք բոլորը քաղբանտարկյալ են։

«Խորապես մտահոգված եմ հորս առողջությամբ և վիճակով: Ավելի քան 200 օր մենք չենք տեսել նրան: Ապրիլի 5-ից՝ հացադուլն սկսելուց ի վեր, նրա հետ բացարձակապես կապ չենք ունեցել»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին։

2022 թ. նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվարը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել: Նրա պահման պայմանները խախտում են միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Նրան սպասում է դատավարություն, որը չի համապատասխանելու միջազգային չափանիշներին՝ հատկապես միջազգային դիտորդների համար դատավարության ու ընթացակարգերի մատչելիության առումով:

Ի լրումն դրա՝ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուս յոթ քաղբանտարկյալների գործերից՝ հարց առաջացնելով հատկապես նրա՝ քաղաքականապես թիրախավորված լինելու վերաբերյալ։

«Ռուբենի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է, և դրան պետք է վերջ դրվի: Այս ամբողջ իրադրության զավեշտն այն է, որ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսը՝ COP 29-ը հյուրընկալելով, անամոթաբար փորձում է «մաքրագործել» իր միջազգային համբավը։ COP-ը մեծ ուշադրություն է դարձնում կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը, մինչդեռ նրանք, ակնհայտորեն, երկուսն էլ չարաշահում են»,- ասել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընտրող հանձնաժողովի անդամ Փոլ Փոլմանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը պահանջում է.

  1. Անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ բանտարկյալներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին։
  2. Ապօրինի դատավարությունները կայանալու դեպքում դրանք պետք է տեղի ունենան մինչև մայիսին բանտարկյալների կալանքի ժամկետների լրանալը, պետք է համապատասխանեն համաշխարհային իրավական չափանիշներին, և միջազգային դիտորդներին ու լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել դրանց:
  3. Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ մուտքի հնարավորություն տա Միջազգային կարմիր խաչին՝ Ռուբենի և մյուս բանտարկյալների վիճակը գնահատելու համար։ Պետք է վերականգնվի Ռուբեն Վարդանյանի հետ ընտանիքի հեռախոսակապը։
  4. Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:
  5. COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում՝ առանց նշված քայլերի իրագործման»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում