ԼԼուսինե Մուրադյան

Դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ կա կալանավորված

Դատարանի շենքի մոտ կատարված սպանության փորձի վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան․ կա կալանավորված

Ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ կատարված սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն կրելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ հայտնում են ՔԿ-ից:

 

«2023 թ. հոկտեմբերի 18-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ: 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ տղամարդը վնասվածքները ստացել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում հնչած կրակոցների ժամանակ։

 

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անձնական հարաբերություններով պայմանավորված՝ Երևանի 40-ամյա բնակիչը նպատակադրվել է ապօրինի կերպով կյանքից զրկել 54-ամյա համաքաղաքացուն։ Այդ նպատակով նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված Байкал-442 մոդելի, 9 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 8 փամփուշտներով։

 

Այնուհետև, իմանալով, որ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին 54-ամյա համաքաղաքացին լինելու է վերը նշված դատարանի տարածքում, նշված զենքով զինված գնացել է այնտեղ և հանցավոր մտադրությունն իրագործելու համար դարանակալել։
 
Ժամը 14:55-ի սահմաններում, երբ 54-ամյա տղամարդը ևս երեք անձի հետ դուրս է եկել դատարանի շենքից և մոտեցել նրանցից մեկի ավտոմեքենային, 40-ամյա տղամարդը վազելով մոտեցել է նրան և իր մոտ ապօրինի պահվող Байкал-442 մոդելի ատրճանակից  չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծանր վնասվածքներ։

 

Սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, և նրան ցուցաբերվել է բուժօգնություն։ Իսկ 40-ամյա տղամարդը դիմել է փախուստի։
 
Վերջինիս վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 

Նրա վերաբերյալ անջատված մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
 
Քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմին ներկայացված՝ հանցագործության գործիք Байкал-442 մոդելի ատրճանակի ձեռքբերման, ձևափոխման և այլ հանգամանքներ պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում