ՄՄարիամ Մխիթարյան

Բլինքենը և Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումը

Բլինքենը և Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ըստ Բաքվի՝ Բլինքենը տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին, և ինքը կարևոր է համարել այդ հարցը պարզաբանել Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Ադրբեջանական կողմի ներկայացրած տեղեկության համաձայն՝ Ալիևը նշել է, թե, իր ունեցած տեղեկություններով՝ որոշվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին ԵՄ-ի եվրոպական խաղաղության մեխանիզմի սկզբունքով զինելը»:

Ադրբեջանի ղեկավարը կրկին մեղադրել է Ֆրանսիային՝ Հայաստանին զինելու համար և հայտարարել, թե Փարիզի քաղաքականությունը, իբր, խրախուսում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և կհանգեցնի սադրանքների:

Բլինքենը, ըստ լրատվամիջոցների, վստահեցրել է, որ նշված հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, և այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Բլինքենը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:

Ալիևը միանգամայն անհիմն է համարել հայտարարությունները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, և ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրին ու Ալմա Աթայի հռչակագրին։

Ադրբեջանի նախագահն իր վրդովմունքն է հայտնել Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունների վերաբերյալ, որի ժամանակ նախարարը նշել էր, թե Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում