ԼԼուսինե Մուրադյան

Սպանդանոցային գործունեության մասով վերահսկողությունը կխստացվի, նախագիծ

Սպանդանոցային գործունեության մասով վերահսկողությունը կխստացվի, նախագիծ

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Այն է՝ խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք՝ կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Ինչպես նաև առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանն ընդունելու համապատասխան իրավական ակտերը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Պատգամավորները սպանդանոցային գործունեության, դրանց համալրման  վերաբերյալ հարցեր են հնչեցրել և առաջարկներ ներկայացրել փոխնախարարին:  Տաթևիկ Սարգսյանը պարզաբանել է, որ Կառավարության թիվ 993 որոշմամբ արդեն լրացում է կատարվել, որտեղ ներառվել է «սպանդանոցային կետ» հասկացությունը, այսինքն՝ մարդիկ կարող են ավելի դյուրացված տարբերակով՝ սպանդանոցային կետ հիմնելով, իրականացնել կենդանիների սպանդը սպանդանոցային կետերում:

Այս համատեքստում պատգամավոր Միքայել Թումասյանն առաջարկել է տարբեր ձևերով լավարկել իրազեկման աշխատանքը: «Եթե կան Կառավարության ծրագրեր, փոփոխություններ, եթե ունենք պոտենցիալ շահառուներին իրազեկելու մեթոդներ, ապա պետք է գնանք, տեղում իրազեկենք, որ մարդիկ տեղյակ լինեն»,- մասնավորապես ասել է նա:

Տաթևիկ Սարգսյանը պարզաբանել է, որ օրենքների նախագծերը ոչ միայն դրվում են հանրային քննարկման, այլև նախարարության համապատասխան ստորաբաժանումը մարզերում՝ գյուղացիների շրջանում, մարզպետարաններում, փոփոխվող ծրագրերի վերաբերյալ  խորհրդատվություն է տալիս:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում