ՄՄարիա Գաբրիելյան

Կարևոր է, որպեսզի ձևավորենք համերաշխ միջավայր` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով․ Անահիտ Մանասյան

Կարևոր է, որպեսզի ձևավորենք համերաշխ միջավայր` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ  Անահիտ Մանասյանը մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշի համաշխարհային օրը, ներկա է եղել «Արևային զանգակների» համերգին:

 

Միջոցառումն անցկացվել է Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող և Դաունի համախտանիշ ունեցող երեխաները զանգակներով ներկայացրել են երաժշտական տարբեր գործեր։
 

 

Միջոցառման ընթացքում Պաշտպանն ու «արևները» միմյանց հարցեր են ուղղել, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նրանց նախասիրություններին, լսել առօրյայի հետ կապված տարբեր պատմություններ։

«Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։ Ավելին, կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք` յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով։ Այդ առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության մեջ կատարյալ են դարձնում»,- նշել է Պաշտպանը:

 

 

Անահիտ Մանասյանը չափազանց կարևորել է յուրաքանչյուրի հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ Պետությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու Դաունի համախտանիշով մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը:

 

Անահիտ Մանասյանը «Արև-երեխաներին» փոխանցել է հուշանվերներ: Պաշտպանը վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում մշտապես կլինի նրանց կողքին:

 

«Արև-երեխաների» այս տարվա կարգախոսն էր «Լինենք միասին»։

 

Հաղորդագրությունում նշված է՝ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը ներառված է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կազմում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում