ԴԴավիթ Մուրադյան

ԱՄՆ-ն չի պաշտպանի այն երկրներին, որոնք չեն կատարի ՆԱՏՕ-ի ներսում իրենց ֆինանսական պարտավորությունները. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն չի պաշտպանի այն երկրներին, որոնք չեն կատարի ՆԱՏՕ-ի ներսում  իրենց ֆինանսական պարտավորությունները. Դոնալդ Թրամփ

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դնում է վտանգի տակ»,-նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, երբ Թրամփը Հարավային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր, որ «կխրախուսի» Ռուսաստանի հարձակումները դաշինքի անդամ այն երկրների վրա, որոնք չեն կատարի իրենց ֆինանսական պարտավորությունները, և հավելել՝ ԱՄՆ-ն չի պաշտպանի նրանց: 

«ՆԱՏՕ-ն պատրաստ է և կարող է պաշտպանել բոլոր դաշնակիցներին: Դաշինքի վրա յուրաքանչյուր հարձակում կարժանանա միասնական և վճռական պատասխանի»,- ասել է Ստոլտենբերգը՝ ակնկալելով, որ Միացյալ Նահանգները կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ և նվիրված դաշնակից, անկախ նրանից, թե ով կհաղթի նախագահի ընտրությունում: 

Շատ փորձագետներ ՆԱՏՕ-ն համարում են գլոբալ անվտանգության առանցքային պաշտպանական դաշինք, որը կանխել է մեծ թվով ռազմական հակամարտություններ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Էնդրյու Բեյթսը Թրամփի մեկնաբանություններն անվանել է «սարսափելի և անխոհեմ»: «Մարդասպան ռեժիմների ներխուժումը մեր դաշնակից երկրներ խրախուսելը վտանգում է ամերիկյան ազգային անվտանգությունը, գլոբալ կայունությունը և մեր երկրի տնտեսությունը»,- ասել է նա:

Ամերիկացի նախկին ղեկավարի խոսքը մտահոգել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին: Նա X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ՆԱՏՕ-ի անվտանգության և համերաշխության մասին «անխոհեմ արտահայտությունները» ծառայում են միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին: 

«Դրանք անվտանգություն կամ խաղաղություն չեն բերում աշխարհին, այլ ընդհակառակը՝ ընդգծում են ԵՄ-ի կողմից ռազմավարական ինքնավարության հրատապ զարգացումը և պաշտպանության ոլորտում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը՝ ամուր պահելով մեր դաշինքը»,- ասել է Միշելը:

ԵՄ արդյունաբերության հանձնակատար Թիերի Բրետոնը ֆրանսիական LCI հեռուստաալիքին ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ծախսերի վերաբերյալ Թրամփի մեկնաբանությունները նորություն չեն: «Մենք դա լսել ենք նաև նախկինում»,- ասել է Բրետոնը:

Հեղինակ՝ Գոհար Սահակյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում