Բացառիկ նախընտրական բանավեճ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Բացառիկ նախընտրական բանավեճ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում

Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի շրջանակում, այսօր՝ լուրերի գլխավոր թողարկումից անմիջապես հետո, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի կունենա իր բնույթով բացառիկ նախընտրական բանավեճ: Հանրային հեռուստաընկերությունը իր լսարանին կընձեռի եզակի հնարավորություն՝ լսելու ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերն ու տեսլականը այդ ուժերի առաջին դեմքերից:

Առաջին անգամ իրականացվող նման բանավեճի ձևաչափը մշակվել է բանավեճերի միջազգային խորհրդատուի՝ Ջեֆրի Դեյվիդ Ֆոքսի աջակցությամբ։ Այն համապատասխանում է միջազգային բանավեճի բոլոր չափանիշներին:

Նախընտրական այս բանավեճը հնարավորություն է տալիս չեզոքության և հավասարության պայմաններում հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու քաղաքական ուժերի ծրագրերը:

Նախընտրական բանավեճը կկոորդինացնեն մոդերատորներ Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:

Նախընտրական բանավեճի ընթացքում քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներից յուրաքանչյուրը հանդես կգա ներածական խոսքով, որին կհետևեն մոդերատորների՝ թեկնածուներին ուղղված հարցերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման և անվտանգության խնդիրների, ինչպես նաև տնտեսական զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղիների վերաբերյալ: Բոլոր պատասխանները լսելուց հետո հարցի իրավունք կունենան նաև թեկնածուները: Բանավեճի ավարտին արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը հանդես կգա փակման խոսքով:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում, Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր 11 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ քննարկում են ամենատարբեր խնդիրներ: 11 ուժերի առաջին համարների մասնակցությամբ այս բանավեճը քարոզարշավի բնականոն շարունակությունն է:

Հանրային հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում քաղաքական ուժերին նախընտրական քարոզարշավի բոլոր հարթակներում իրենց մասնակցությունն ապահովելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում