ԼԼիլիթ Ասատրյան

Կայծակնային շախմատի ԱԱ. Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Կայծակնային շախմատի ԱԱ. Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրի 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում հայ շախմատիստուհին հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցչուհի Էլինա Դանիելյանը վաստակել է 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում առավելության է հասել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի նկատմամբ:

Սուսաննա Գաբոյանը վաստակել է 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին: Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավել են կայծակնային շախմատի իրենց վարկանիշները:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակել է 14 միավոր:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 45 երկրի 206 շախմատիստներ: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 13 միավոր և զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը վաստակել է 12.5, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ 12 միավոր:

Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 21 հնարավորից վաստակել է 16 միավոր:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, վաստակել է 14 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սամարղանդում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց էր տվել Շանթ Սարգսյանը՝ վաստակելով 8 միավոր: Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց էր տվել Էլինա Դանիելյանը՝ 6.5 միավորով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում