ԼԼիլիթ Ասատրյան

Այսօր Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Շնչառական ուղիները խցանող քրոնիկ պրոգրեսիվող հիվանդությունը` ուղեկցվող հաճախակի սրացումներով, բնորոշվում է որպես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ): Հիվանդության ախտանշանների մասին մանրամասներ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Այս հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, ինչով պայմանավորված պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ՝ 40-50 տարեկանում, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները՝ հազ, դժվարացած շնչառություն:

Առավել վաղ գանգատներից է հազը՝ լորձային կամ լորձաթարախային խորխի արտադրությամբ, որը երկար ժամանակ դրսևորվում է միայն առավոտյան (ծխողի առավոտյան հազ): Ժամանակի ընթացքում հազը դառնում է «սովորութային» և անհանգստացնում է պացիենտներին օրվա ընթացքում, հատկապես` գիշերը:

Հազը սովորաբար ուժեղանում է տարվա սառը և խոնավ եղանակներին, երբ առավել հաճախ են դիտվում ԹՔՕՀ սրացումները: Այնուամենայնիվ, պացիենտներն արդեն այս շրջանում նշում են դժվարացած շնչառություն, հևոց, ինչպես նաև` ընդհանուր թուլություն, մկանային արագ հոգնածություն, աշխատունակության նվազում: Երկրորդ հաճախ հանդիպող գանգատը, որը գործնականում բնորոշ է ԹՔՕՀ բոլոր պացիենտներին, հևոցն է. այն վկայում է բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի ձևավորման և թոքերի շնչառական հատվածների ախտահարման մասին:

ԹՔՕՀ պացիենտների շրջանում հևոցը, մեծ մասամբ, ի հայտ է գալիս մի քանի տարի անց՝ խորխարտադրությամբ հազի զարգացումից հետո բավականին ուշ:

ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացի զսպման նպատակով, մասնավորապես`

• դադարեցնել ծխելը,

• դրսևորել կանոնավոր ֆիզիկական ակտիվություն,

• պատվաստվել վարակիչ հիվանդությունների, այդ թվում` սեզոնային գրիպի, կապույտ հազի, կարմրուկի, պնևմոկոկային և այլ վարակների դեմ:

Առողջապահության նախարարության կողմից ԹՔՕՀ դեմ պայքարի շրջանակներում մշակվել են գործելակարգեր, իրականացվում են ծխախոտի դեմ պայքարին ուղղված և մի շարք այլ միջոցառումներ»,- հայտնում են նախարարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում