ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրությունը

Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ից գործում է «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել են հուշարձանի հարուստ հավաքածուից ավելի քան 150 ինքնատիպ նմուշներ, որոնք հայտնաբերվել են 1956-1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Ցուցասրահում ներկայացված են առարկաներ՝ բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի Լճաշենի հնահասարակության կենցաղի, արհեստների, հոգևոր պատկերացումների, տեխնոլոգիական ձեռքբերումների և սոցիալական կառուցվածքի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվել Լճաշենի ուշբրոնզեդարյան համայնքում սոցիալական շերտավորման հնագիտական արտահայտչամիջոցների ներկայացմանը՝ իշխանության խորհրդանշաններ, անվավոր փոխադրամիջոցներ և այլն:

Նշենք, որ Լճաշենի հնավայրը Հայաստանի և հարակից տարածքների պարբերաբար և երկարատև հետազոտված հնագիտական հուշարձաններից է, որտեղ առաջին պեղումները կատարվել են 1866 թվականից և շարունակվում են մինչ մեր օրերը։ Բազմաշերտ հուշարձանն աչքի է ընկնում իր միջնաբերդերով առանձնացված հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոցով, հիմնականում բրոնզեդարյան դամբանադաշտում: Հուշարձանն ուշադրություն է գրավում այստեղ հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ անվավոր փոխադրամիջոցներով (սայլեր, կառքեր), դրանց ուղեկցությամբ` առանձ­նաշնորհյալ կարգավիճակ ունեցող անձանց թաղումներով, առաջավորասիական երկրների հետ կապեր ցույց տվող առարկաներով (կնիք, զենքեր, խեցեղեն առարկաների ձևեր), մետաղագործական, խեցեգործական, փայտամշակության զարգացած ավանդույթներով:

Նշենք, որ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» ժամանակավոր ցուցադրության շրջանակում «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ պատրաստվել է ֆիլմ, իսկ առաջիկայում կհրատարակվի գիտական պատկերագիրք։

Ցուցահանդեսի կազմակերպումը նպատակային է նաև Հայաստանի պատմության թանգարանում օրերս անցկացված «Զինվորը, քուրմն ու առևտրականը․ վերակարգության հնագիտական դրսևորումները բարդ հասարակություններում» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում: Գիտաժողովին մասնակից շուրջ երեսուն հայ և օտարազգի հետազոտողներ իրենց զեկույցներում հիմնականում անդրադարձել են մեզ հասած բրոնզեդարյան ուշագրավ ժառանգությանը։ Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում