ԼԼուսինե Մուրադյան

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը կբարձրացվի. ԿԳՄՍ-ն օրենք է մշակել

Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը կբարձրացվի. ԿԳՄՍ-ն օրենք է մշակել

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության՝ նոյեմբերի 9-ի նիստին ներկայացրեց ՄԿՈՒ նոր օրենքի նախագիծը, ըստ որի՝ վերացվում է տարբերակումն ուսումնական հաստատությունների 2 տեսակների միջև՝ քոլեջների և ուսումնարանների:

Հետազոտությունների համաձայն՝ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է կարծում, որ ձեռք բերած տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 տոկոսն է կարծում, որ ձեռք բերած գործնական հմտությունները համապատասխանում են աշխատանքի պահանջներին:

Մեկ այլ հետազոտության համաձայն՝ ուսանողների 86 տոկոսը նշում է, որ ուսումն ավարտելուց հետո աշխատանքային գործունեություն իրականացնելու համար կարիք կունենա լրացուցիչ վերապատրաստման: Իսկ գործատուների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ 78 տոկոսը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս առնչվում է վերջինիս աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակասի հետ:

«Արդյունքում մենք ունենք իրավիճակ, որ երիտասարդ կադրերն իրենց աշխատանքի համար կա՛մ գերկրթված են, կա՛մ թերկրթված»,- ասաց Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ իրական աշխատաշուկայի 70 տոկոսից ավելին արհեստագործական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պակաս ունի: Այդ աշխատանքներում հաճախ նույնիսկ զբաղված են բարձրագույն կրթությամբ անձինք:

Իրավիճակը փոխելու նպատակով, ըստ նախարարի, ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը՝ որպես կրթության կազմակերպման հիմնական եղանակ:

«Այս պահին համակարգում միայն ուսանողական պրակտիկան է, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման տեսակներից միայն մեկն է, և չենք կարող ասել, որ ամենաարդյունավետը, այնինչ օրենքով ինստիտուցիոնալ ներդրվում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, ինչպես, օրինակ, դուալ կրթությունը, որն արդեն փորձարկում ենք մեր երկրում ավելի քան 5 տարի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փաթեթը մեծ է, և այն բազմաթիվ փոփոխություններ է նախատեսում:

Անդրադառնալով նախագծին՝ վարչապետը նկատեց, որ արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ «բարձրագույն կրթության դիպլոմներով» մարդիկ չեն կարողանում գտնել աշխատանք, ինչը պրոբլեմ է և՛ անհատի, և՛ հասարակության, և՛ պետության համար: Ուստի, խնդիր է դրվել՝ փոխելու կրթության որակը ՀՀ-ում: Պետք է մնա 8 բուհ, և բոլորը տեղափոխվեն Ակադեմիական քաղաք, բայց պետք է նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակը բարձրացվի: Ուստի որոշում է կայացվել Ակադեմիական քաղաքի զարգացմանը զուգահեռ ՀՀ մարզերում զարգացնել քոլեջների ցանցը:

«Մեր ուղերձը հետևյալն է, որ քոլեջում սովորելը դառնա ցանկալի և հեղինակավոր, նաև՝ հեռանկարային: Մեր մոտեցումն այն է, որ կրթական համակարգը պետք է մարդուն օգնի, որ իր և պետության բարեկեցությունը բարելավի»,- ասաց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը քննարկման համատեքստում տեղեկացրեց, որ, օրինակ, Գերմանիայի պես արդյունաբերական երկրում աշխատողների 70 տոկոսն ունի հենց միջին մասնագիտական կրթություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում