ԼԼիլիթ Ասատրյան

2024-ին խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված զգուշավոր լավատեսությունը պահպանվում է. Պապոյան

2024-ին խաղաղության պայմանագիր կնքելու հետ կապված զգուշավոր լավատեսությունը պահպանվում է. Պապոյան

Իրական բանակցությունները ընթանում են ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ խորհրդատվական խողովակներով, թղթեր փոխանցելով, որովհետև վերջում, երբ հավաքվում են երկրների ղեկավարները, ամփոփում են կատարված աշխատանքը և ինչ-որ եզրակացությունների են գալիս, և գնում ենք մեկ քայլ առաջ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որն է պատճառը, որ հայ-ադրբեջանական բանակցություններում դադար է:

Նրա խոսքով՝ բանակցային պրոցեսը չի դադարել, իսկ ակտիվ հանդիպումներ չլինելու փաստը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական տարբեր գործոններով:

«Արաբա-իսրայելական պատերազմը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, քանի որ աշխարհի ուշադրությունը շեղում է այդ հարցից, բայց պետք է ասել, որ այն զգուշավոր լավատեսությունը, որը ունենք՝ կապված խաղաղության պայմանագիրը 2024 թվականին կնքելու հետ, պահպանվում է, քանի որ, մեծ հաշվով, հիմնական, առանցքային հարցերի շուրջ կարծես ըմբռնում կա: Միակ հարցը, որի շուրջ այդ ըմբռնումը  որևէ կերպ չկար, այսպես կոչված «միջանցքի» հարցն էր, բայց այդ հարցը, իմ տպավորությամբ, Ադրբեջանի իշխանությունների և Թուրքիայի իշխանությունների՝ գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, նույնիսկ ընդհակառակը՝ իրենք ասում են, որ դա իրենց պետք չէ, քանի որ տնտեսական առումով ավելի հարմար ճանապարհ են գտել իրենց համար: Երկար ժամանակ պրոցեսին դա էր խանգարում, քանի որ դա Հայաստանի համար կարմիր գիծ էր»,- ասաց պատգամավորը:

Պապոյանը նշեց, որ հիմա նստելու և վերջնական տեքստի վրա աշխատելու համար Հայաստանի կողմից ոչինչ չի խանգարում: «Մենք պատրաստ ենք 1974-1975 թթ. քարտեզներով պայմանավորվել դեմարկացիայի, դելիմիտացիայի շուրջ, պայմանավորվել ճանապարհների  ապաշրջափակման շուրջ: Մենք ասում ենք, որ ցանկացած քաղաքացի, դա կլինի Ադրբեջանի, Թուրքիայի թե որևէ երրորդ երկրի, որը Ադրբեջանի սահմանից կհատի Հայաստանի սահմանը, հատելուց հետո պետք է իր կենսագործունեությունն իրականացնի բացառապես ՀՀ օրենսդրությամբ, այնպես, ինչպես Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան սահմանին է տեղի ունենում: Եթե այս գործընթացը տեղի ունենա, և տարածքների փոխադարձ ճանաչումը տեղի ունենա, Հայաստանը չի տեսնում որևէ խոչընդոտ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում