ԼԼուսինե Մուրադյան

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումների համար կտրվի բողոքարկման հնարավորություն. նախագիծ

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումների համար կտրվի բողոքարկման հնարավորություն. նախագիծ

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն կստեղծվի: Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս այդ մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ նախագիծը բխում է ԳՐԵԿՈ-ի՝ 2015 թվականին գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցում վերահաստատված հանձնարարականից, համաձայն որի՝ ՀՀ օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները, և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված: Նախագծով առաջարկվող լուծումներն այս պահին միակ հնարավոր լուծումներն են՝ հաշվի առնելով սահմանադրական կարգավորումները, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովը իր համապատասխան կարծիքում:

«Կարգավորումով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և ԱԺ-ի կողմից ընտրված երկուական թեկնածուի: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով»,- ասաց նախարարը և հավելեց, որ բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ:

Հարցի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ հարցը միջազգային գործընկերների թեմատիկայի մաս է կազմել: Խոսքը չբողոքարկվող որոշումների առանձնահատկություններին է վերաբերում: Այն է՝ ինչ անել բոլոր այն դեպքերում, երբ կայացվում է որոշում, որը չի կարող բեկանվել:

«Մի քանի տարբերակ կա. բողոքարկել դա ընդհանուր իրավասության դատարաններում, ինչը բովանդակային խնդիր է ստեղծում, որովհետև ստացվում է, որ առաջին ատյանի դատարանը կարողանում է բեկանել որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի որոշումը: Կարծիքը միջազգային կառույցների և մեր միջազգային գործընկերների մոտ տարբեր է եղել հարցի վերաբերյալ, բայց մենք հետևել ենք Վենետիկի հանձնաժողովի և ԳՐԵԿՈ-ի տված ռեկոմենդացիաներին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը և տեղեկացրեց, որ ըստ վերջիններիս՝ ԲԴԽ-ի այն որոշումների համար, որոնց դեպքում վերջինս հանդես է գալիս որպես դատարան, անհրաժեշտ է նախատեսել բողոքարկման հնարավորություն:

«Նախագիծը նախատեսում է բողոքարկման հնարավորություն միևնույն պալատում՝ բացառելով որևիցե տեսակի շահերի բախում և որևիցե տեսակի անհամատեղելիության հետ կապված խնդիր, դրա համար նախատեսում է այս մոտեցումը՝ «2+2» առաջին, պայմանական ասենք, «ատյանի» համար»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում