ԼԼիլիթ Ասատրյան

Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսը

Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկա են եղել Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ապագայի քաղաքում» նախագծի շնորհանդեսին։

 
Միջոցառումը կազմակերպվել էր Երվանդ Քոչարի 125-ամյակին ընդառաջ:
 

 

Նախագիծը նախաձեռնել է Քոչարի թանգարանը City of the Future Yerevan Street Art Fest-ի հիմնադիր Դավիթ Խաչատրյանի հետ համագործակցությամբ։ Նախատեսվում է Երևանի Պուշկինի 62 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի կողային ճակատին վերարտադրել Երվանդ Քոչարի «Ընդվզում» (1933 թ.) ստեղծագործությունը: Նկարազարդումն իրականացնելու է միջազգային ճանաչում ունեցող իտալացի նկարիչ Անտոնինո Պերոտտան:

 

«Երվանդ Քոչարը մեր արվեստի պատմության մեջ հիմնաքարային դեր ունի։ Նրա 125-ամյակը հրաշալի առիթ է, որպեսզի կարողանանք նորովի բացահայտել նրան։ Թանգարանի նախաձեռնությամբ կիրառվել են այնպիսի միջոցներ, որ արվեստը տեսանելի լինի առանց թանգարան այցելելու։ Սա թույլ է տալիս մի կողմից արժևորել մեր մեծերին, մյուս կողմից՝ քաղաքային միջավայրը դարձնել առավել մշակութային և նոր շունչ հաղորդել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով հաջող նախաձեռնության կապակցությամբ։
 
 
Նախարարի գնահատմամբ՝ նախագծի միջոցով բարձրանում է նաև թանգարանի մասին իրազեկվածությունը, որը քաղաքի ամենաբանուկ հատվածում է գտնվում։

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ ծրագիրն այլընտրանքային տարբերակ է՝ հանրահռչակելու մեր մշակութային ժառանգությունը, և օրինակը պետք է վարակիչ լինի։

 

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում