ԼԼիլիթ Ասատրյան

Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը 3 ամսով երկարաձգվել է: Մինչև որոշումը Հակակոռուպցիոն դատարանում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորորշումները: Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը նշել է, որ բացակայում են իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը:

Պաշտպանները միջնորդել են այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել՝ տնային կալանք, համակցված 40 միլիոն դրամ գրավով և երաշխավորություն: Հանրային մեղադրողները, մինչդեռ, պնդել են՝ Աշոտյանի կողմից քննությանը խոչընդոտելու ռիսկը բարձր է:

Մարգար Սողոմոնյան (Արմեն Աշոտյանի պաշտպան) - Սույն գործով մենք չունենք որևէ փաստական ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ պարոն Աշոտյանը փորձել է կամ նույնիսկ մտադրություն է ունեցել որևէ փուլում որևէ մեկի վրա խոչընդոտել: Նման որևէ ապացույց չկա: Պարոն Աշոտյանի կողմից վկաների ազդելու այդ տեսակետը այնպիսի աբսուրդ է, որ օբյեկտիվ իրողությունները չեզոքանում են:

Արմեն Աշոտյան (մեղադրյալ) - Զավեշտ է, չէ, մտածել, որ եթե անգամ ես արել եմ վատ բան, այդ վատ բանի հետ կապված կանխելու հնարավորությունը 19 թվականից մինչև 22-ի նոյեմբեր` ես տենց բան չեմ արել, հետո եմ սկսել անել: Զավեշտ է, չէ, մտածել, որ էդ գործով կարելի էր վկաների վրա ճնշում գործադրել, եթե էդ մարդկանց հետ մինչև ինձ կալանավորելը 3-4 տարի նույն գործով ես որպես վկա անցել եմ:

Արման Նշանյան (հանրային մեղադրող) - Համոզված լինելով, որ դատարանը ծանոթացել է քրեական գործի նյութերին, և մասնավորապես` գաղտնի քննչական գործողությունների արձանագրություններին, որտեղ առկա են տվյալներ գործով անցնող անձանց, մասնակիցների նատմամբ մեղադրյալ Արմեն Աշոտյանի կողմից անձամբ կամ միջնորդավորված ձևով ազդելու ցուցմունքներ տալու վերաբերյալ:

Հիշեցնենք, Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում