ՎՎարդուհի Հարությունյան

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների ու հակասությունների վերացմանը. Ռայիսի

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների ու հակասությունների վերացմանը. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին՝ հայտնել են Իրանի նախագահի աշխատակազմից։

Ռայիսին անհրաժեշտ է համարել երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարձրացումն ու այդ հարաբերություններում հակասությունների առաջացմանն ուղղված ծրագրերին դիմակայությունը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության պահպանումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից։

«Իրանը, որպես Ադրբեջանի ու Հայաստանի հզոր հարևան, պատրաստ է աջակցել այս երկու երկրների միջև խնդիրների ու հակասությունների վերացմանը»,- ասել է Ռայիսին։

Իրանի նախագահը, շեշտելով տարածաշրջանի սահմանների ու աշխարհաքաղաքականության պահպանման կարևորությունը, ողջունել է «3+3» կամ ցանկացած այլ ձևաչափով տարածաշրջանային բանակցությունները, որոնք կարող են նպաստել խնդիրների կարգավորմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Տարածաշրջանի երկրներն ունեն տարածաշրջանի խնդիրները լուծելու հնարավորություն, և ցանկացած պատրվակով տարածաշրջանում օտարների համար տեղ բացելը որևէ երկրի օգտին չի լինելու»,- ասել է Ռայիսին:

Խալաֆովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանի դիրքորոշման և դեսպանատան միջադեպից հետո հարաբերությունների պահպանման ուղղությամբ Ռայիսիի դերակատարման համար և հավելել, որ երկկողմ հարաբերությունները զարգացման լայն հնարավորություններ ունեն։ Նա նշել է, որ Բաքուն ողջունում է խնդիրների կարգավորմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված ցանկացած երկխոսություն, այդ թվում՝ «3+3» ձևաչափով։

Ավելի վաղ Էբրահիմ Ռայիսին հանդիպում էր ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում