ԱԱնժելիկա Ժամհարյան

ՄԻՊ-ը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

 

Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից՝ պատվիրակության կազմում է եղել նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ պարոն Իկեգամի Մասակիին:

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրերս է այցելել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններ Գորիսում և Վայքում, ինչպես նաև Կոռնիձոր։ Անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնց ընթացքում վերհանվել և հասցեագրվել են մի շարք խնդիրներ։ Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը:

 

Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին, Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող հայատյաց քաղաքականությանը, որը դրսևորվում է բոլոր մակարդակներում:

«Մեր ունեցած տվյալնեը հիմնված չեն միայն մեկ աղբյուրից ստացվող տեղեկության վրա: Ամենօրյա մշտադիտարկման են ենթարկվում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսքեր են հնչեցվում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի պետական տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այդ հանգամանքն արձանագրվել է նաև միջազգային մոնիթորինգային մարմինների զեկույցներում»,- ընդգծել է Մանասյանը։

 

Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, հումանիտար, այդ թվում՝ սոցիալական, հոգեբանական խնդիրների հասցեագրման կարևորության վերաբերյալ:

 

Դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում