ԼԼիլիթ Ասատրյան

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան-90. «Երեխայի՝ ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով դասընթացը մեկնարկում է

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան-90. «Երեխայի՝ ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով դասընթացը մեկնարկում է

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:

ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար իրականացվող նախադեպը չունեցող վերապատրաստման այս դասընթացը միտված է ոլորտի մասնագետների նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացմանն ու շարունակական կրթության ապահովմանը:

Հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին դասընթացի շրջանակում կներկայացնի ժամանակակից գրական տարածքների, գրադարանային համակարգերի, ոլորտի մասնագետների, երեխաների հետ աշխատանքի և համագործակցության 21-րդ դարի արդի միտումները, մարտահրավերներն ու գործիքակազմը:

Մասնավորապես կներկայացվեն կարևորագույն մի շարք թեմաներ.

  • Ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում
  • Ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության
  • Ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս համակարգում
  • Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը
  • Որո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները
  • Ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ
  • Դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ:

Տեղեկացնենք, որ Զոհրե Ղայենին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ:

Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետն իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին:

Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական: «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագիրն անցկացվում է Գրադարանավարի օրվան ընդառաջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում