ԼԼիլիթ Ասատրյան

Բրիտանիայի կառավարության աջակցությամբ անցկացված կիբեռտեխնոլոգիական ֆորումում քննարկվել են հայկական ընկերությունների կիբեռանվտանգության ապահովման հնարավորությունները

Բրիտանիայի կառավարության աջակցությամբ անցկացված կիբեռտեխնոլոգիական ֆորումում քննարկվել են հայկական ընկերությունների կիբեռանվտանգության ապահովման հնարավորությունները

Ավելի քան 50 հայկական կիբեռտեխնոլոգիական ընկերություններ, կիբեռանվտանգության փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ մասնակցել են «Կիբեռանվտանգությունը բիզնես առաջնորդների համար. ինչպես հաղթահարել կիբեռմարտահրավերները» խորագրով համաժողովին։ Այդ մասին հայտնում են բրիտանական դեսպանությունից:

«Միացյալ Թագավորության (ՄԹ) բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ Բրիտանական դեսպանատան և Startup Grind Yerevan-ի կողմից կազմակերպված այս կեսօրյա միջոցառումը եզակի հնարավորություն էր լսելու կիբերանվտանգության բնագավառի առաջատար փորձագետներին և քաղաքականություն մշակողներին, կապ հաստատելու տեղական և արտասահմանյան ճանաչված մասնագետների հետ և ծանոթանալու  ոլորտի վերջին զարգացումների և նորագույն տեխնոլոգիաների հետ։

Գործարար կառույցներում կիբեռանվտանգության արդյունավետ ռազմավարության իրականացումը բիզնեսի կայունության հիմնաքարն է: Այնուամենայնիվ, մրցունակ մնալու նպատակով անվտանգության կանոնակարգեր մշակելիս և իրականացնելիս ընկերությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների:

Այսօրվա քննարկումը մասնակիցներին օգնեց ձեռքբերելու հմտություններ և կապեր՝ կիբեռանվտանգության առաջադեմ փորձից օգտվելու համար։ Շեշտը դրվեց անհրաժեշտ գործողությունների վրա և անդրադարձ կատարվեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը բացման խոսքում ասաց.

«Բրիտանիան առաջատար է կիբեռանվտանգության ոլորտում իր տեխնիկական նորարարություններով, հմուտ աշխատուժով, արդյունավետ իրավական և կարգավորող միջավայրերով և փորձով, որը ձեռք է բերվել բրիտանիայի տնտեսության բոլոր ոլորտներում ինտերնետ տեխնոլոգիաների զանգվածային կիրառմամբ: Միացյալ Թագավորության կիբեռանվտանգության ռազմավարությունը սահմանում է մեր մոտեցումը՝ ուղղված կիբեռհանցագործությունների դեմ պայքարին և կիբեռհարձակումների նկատմամբ դիմակայունության ապահովմանը: Այս ռազմավարության հիմքում ընկած է գործընկերությունը մասնավոր հատվածի և համագործակցությունը այլ երկրների հետ:

Շատ ուրախ ենք մեր փորձը կիսել մեր հայ գործընկերների հետ։ Միացյալ Թագավորության բիզնեսի և առևտրի նախարարության աջակցությամբ իրականացվող այս համաժողովին ուրախ եմ ողջունել Հայաստանից և արտերկրից, ներառյալ Միացյալ Թագավորությունից, մասնակցող ականավոր մասնագետների։ Հպարտ եմ, որ այս միջոցառումը մեծապես հիմնված է բրիտանական փորձի վրա»:

Ստարտափ Գրայնդ Հայաստանի տնօրեն Նարինե Կոտիկյանը բացման խոսքում ասաց․

«Այս միջոցառումը մանրակրկիտ պլանավորվել ու նախագծվել է այն հիմնարար գաղափարի շուրջ, որ այն պետք է ծառայի ոչ միայն որպես գիտելիքի աղբյուր ինֆորմացիոն անվտանգության գլոբալ պրոցեսների ու զարգացումների շուրջ, այլ որ ավելի կարևոր է` պետք է հանդիսանա հարթակ, որտեղ ոլորտային լուծումներ առաջարկող ընկերությունները, հաճախորդներն ու մասնագետները կկարողանան քննարկել էկոհամակարգի արդիական խնդիրներն ու հնարավորությունները և, ինչու ոչ, սկիզբ կդնեն ապագա կոմերցիոն համագործակցության համար բրիտանական և հայաստանյան կազմակերպությունների միջև»:

ՄԹ կառավարության Գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարարության ինովացիոն քաղաքականության և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Բրեդլի Ֆինը ներկայացրեց կիբեռանվտանգության համաշխարհային միտումները և Միացյալ Թագավորության մոտեցումը՝ ուղղված սպառնալիքների նվազեցմանը, գաղտնիության պաշտպանությանն ու թվային նորարարության խթանմանը:

Համաժողովի մասնակիցները մասնակցեցին նաև կիբեռանվտանգության մարտահրավերների և դրանց լուծման վերաբերյալ պանելային քննարկմանը, որին հաջորդեցին քննարկումներ անվտանգության հիմնական չափորոշիչներին համապատասխանեցման  և կիբեռտեխնոլոգիական ստարտափների համար ՄԹ-ում առկա հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում