Հայաստանին ցույց ենք տվել, թե ինչ կլինի մեր տարածքային ամբողջականությունը չճանաչելու դեպքում. Ալիև

ԴԴիանա Գասպարյան

ԱԼԻԵՎԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ Է ՀՆՉԵՑՐԵԼ

Հարավային Կովկասի զարգացումը հիմնականում կախված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների բարելավումից, Շուշիում կազմակերպված մեդիաֆորումի շրջանակում հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են օգնել մեզ փոխադարձ ընդունելի լուծում գտնել։ Բարեբախտաբար, նրանք հասկանում են, որ այդ որոշումները պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի վրա»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև հավելել է, որ հայկական կողմը բանավոր հայտարարությունները պետք փոխանցի թղթին:

«Եթե Երևանը հրաժարվի Բաքվի նկատմամբ տարածքային հավակնություններից, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև 2023 թվականի ավարտը», - նշել է Ալիևը, հավելել՝ այլապես խաղաղություն չի լինի, իսկ դա լավ սցենար չէ տարածաշրջանի համար:

Ալիևը հնչեցրել է նաև հայկական կողմին ուղղված սպառնալիքներ: Նրա խոսքով՝ վերջին շրջանում մի քանի դրվագներ են եղել, որոնք ցույց են տվել Հայաստանին, թե ինչ կարող է լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու դեպքում։

«Քի՞չ բան է արվել՝ Փառուխի գործողությունը, 2021 թվականին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը, 2022 թվականի սեպտեմբերը, անցակետը: Դեռ որքա՞ն պետք է ակնարկենք», - ասել է Ալիևը, հավելել՝ ոչ ոք հայերի համար ու հայերի փոխարեն Ադրբեջանի դեմ չի կռվելու։

Ալիևը կարևորել է տարածաշրջանային հարցերում Թուրքիայի դերակատարումը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկզբից Թուրքիայի ղեկավարությունն ու ժողովուրդը մեր կողքին էին։ Այդ բարոյական աջակցությունը մենք 44 օր անդադար զգացել ենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա անդրադարձել է Մոսկվա-Բաքու հարաբերություններին, նշել՝ ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտնող շահարկումները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Ռուսաստանի և Ադրբեջանի շփումների վրա:

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Կողմերն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային հարցերի:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, մասնավորապես, քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային թեմաներով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։

Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները։

ԲԱԽՄՈՒՏՈՒՄ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐ ԵՆ

Բախմուտում ծանր մարտեր են: Համաձայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ երկրի պաշտպանական ուժերը քաղաքի ուղղությամբ շարունակում են հարձակողական գործողությունները : Կողմերի զբաղեցրած դիրքերը հիմնականում չեն փոխվել, սակայն, Գլխավոր շտաբի տվյալով, ուկրաինական կողմը որոշակի առաջընթաց ունի:

«Հակառակորդը ուժեղ դիմադրություն է ցույց տալիս, բայց նաև կորուստներ է կրում», - հավելել է պաշտոնյան։

Ակտիվ մարտեր են նաև Կուպյանսկի, Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում:

ՍԵՎ ԾՈՎՈՎ ՌԴ ՈՒՂԵՎՈՐՎՈՂ ՆԱՎԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՎԵԼ. ՈՒԿՐԱԻՆԱ

Կիևը հուլիսի 21-ից Սև ծովով դեպի Ռուսաստանի և ռուսական վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքների նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկի որպես ռազմական բեռների փոխադրողներ՝ դրանից բխող ռիսկերով։ Այս մասին նշված է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Գերատեսչությունը նաև արգելել է նավարկությունը Սև ծովի հյուսիսարևելյան հատվածում և Կերչ-Ենիկալի ջրանցքով։

«Բոլոր ռիսկերի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ռուսաստանի ղեկավարությունը: Ուկրաինայի պաշտպանության ուժերն ունեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ծովում ռուսական ագրեսիան հետ մղելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ՝ զգուշացնելով` հուլիսի 20-ից Սև ծովով դեպի ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների հավանական փոխադրողներ, իսկ այն երկրները, որոնց դրոշի ներքո կնավարկեն այդ նավերը, կհամարվեն Կիևի կողմից հակամարտությանը ներգրավված պետություններ:

ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է մոտ ապագայում բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել սևծովյան նախաձեռնությունից Մոսկվայի դուրս գալուց հետո հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը և այն շարունակելու հնարավորությունը։

«Նախաձեռնության դադարեցումը ոչ միայն կհանգեցնի աշխարհում պարենային ապրանքների համաշխարհային գների աճի, այլև կարող է սովի և միգրացիայի նոր ալիքի պատճառ դառնալ», - նշել է Ռեջեփ Էրդողանը, հավելել՝ չեն հապաղի ու նոր նախաձեռնություններ կմշակեն, որ սևծովյան միջանցքն անվտանգ գործարկվի:

Թուրքիայի ղեկավարը նաև կոչ է արել Արևմուտքին արձագանքել Մոսկվայի պահանջներին և մտահոգություններին, որոնց պատճառով ռուսական կողմը դուրս է եկել հացահատիկի գործարքից:

Էրդողանն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, ընդգծել՝ Անկարան կհաստատի Ստոկհոլմի հայտը, եթե շվեդական կողմը բավարարի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Թուրքիայի ակնկալիքները:

ԻՐԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Իրանում բողոքի ցույցեր են անցել: Քաղաքացիները դատապարտել են վերջերս Ստոկհոլմում Ղուրանի այրումը և այն փաստը, որ Շվեդիայի իշխանությունը թույլ է տվել նման ակցիա անցկացնել: Ցուցարարները նաև հակաիսրայելական և հակաամերիկայն կարգախոսներ են հնչեցրել, հայտարարել, թե Ստոկհոլմում տեղի ունեցածի հետևում կանգնած են Իսրայելը և ԱՄՆ-ը:

Բաղդադում և Բեյրությում ևս նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարներն այրել են Շվեդիայի դրոշը, Ստոկհոլմին մեղադրել հակաիսլամական քաղաքականություն վարելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում