Բաքվի հետ ուղիղ շփումներին Արցախը կողմնակից է. կայացել է հերթական հանդիպումը

ՆՆարեկ Սահակյան

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Արցախի նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման ու Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: Կառավարության նիստում Արցախի նախագահը հայտարարել է, որ Բաքվի հետ ուղիղ շփումներին Ստեփանակերտը կողմնակից է, բայց չնայած ճնշումներին՝ անկախության ճանապարհից հետքայլ չի լինելու:

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց: Սակայն դա չի նշանակում, որ մենք խուսափելու ենք շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար:

ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻՆ
Արցախի նախագահը կառավարության նիստում ներկայացրել է նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին: Արայիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ Արցախի համար այս ծանր ժամանակաշրջանում շնորհավորանքի փոխարեն պետք է նրան միայն հաջողություն մաղթել:

Արայիկ Հարությունյան - Պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։

Չնայած կադրային քաղաքականություն մշակելու և վարելու ազատությանը՝ Գուրգեն Ներսիսյանը պատրաստ է աշխատել բոլոր այն գործիչների հետ, որոնք կհամախմբվեն, չեն ընկրկի երկրի և կառավարության առջև ծառացած դժվարությունների առաջ:

Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - Ինձ համար իմ թիմ, մեկ ուրիշի թիմ՝ այս գաղափարները հիմա գոյություն չունեն: Սա ավելի հատուկ է դասական քաղաքական գործընթացներին, իսկ հիմա մենք չունենք այդ հնարավորությունը և շռայլությունը մեզ թույլ տալու իրավունք:

Արայիկ Հարությունյանը նորանշանակ պետնախարարին հանձնարարել է մշակել և ներկայացնել սոցիալական նոր ծրագրերի փաթեթ՝ ուղղված շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանը, տնտեսության ինքնաբավության մակարդակի բարձրացմանը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով պարենի արտադրությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում