Թուրքիայում երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու մեջ կասկածվում է 282 մարդ

ԴԴիանա Գասպարյան

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո թալանով զբաղվելու մեջ կասկածվում է 282 մարդ, 181-ը ձերբակալվել է՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է նաև, որ տուժած 11 շրջաններում այս պահի դրությամբ 564 մարդ էլ կասկածվում է ցնցումների հետևանքով փլուզված շենքերի կառուցման ժամանակ շինարարական կանոնները խախտելու մեջ։ Նրանցից առնվազն 160-ը ձերբակալվել է։

Վերջին տվյալով՝ փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայում փլատակներից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել, 1,6 մլն քաղաքացի ժամանակավոր կացարան է ստացել, զոհերի թիվը շուրջ 44 000 է: Թուրքիայի և Սիրիայի սահմանին երկու օր առաջ գրանցված երկրաշարժի հետևանքով նույնպես կան զոհեր և վիրավորներ: Ցնցումներ են զգացվել նաև Լիբանանում, Իսրայելում, Կիպրոսում, Իրանում: Վերջին ժամերին երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանում, Ղազախստանում և Տաջիկստանում:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն էլ հայտնել է, որ քաղաքում քանդում են այն շինությունները, որոնք ոչ միայն ոչ սեյսմակայուն են ճանաչվել, այլև վտանգ կա, որ դրանք կարող են փլվել ցանկացած ցնցումից:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՆԱՏՕ-ԻՆ ԵՎ ԵՄ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

«Բուխարեստի իննյակի» երկրները Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր են ընդունել, աջակցություն հայտնելով ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությանը: Լեհաստանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարչին Պշիդաչը նշել է, որ կողմերը պայմանավորվել են աջակցել իրար ցանկացած սպառնալիքի դեպքում, սակայն հուսով են՝ այդպիսի անհրաժեշտություն չի լինի։ Հռչակագրում նաև ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղացնի ներկայությունը դաշինքի արևելյան թևում՝ հաշվի առնելով այն փաստը, որ անվտանգային հիմնական մարտահրավերները գալիս են հենց արևելքից։

Գագաթնաժողովին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Վերջինս, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» մասին պայմանագրին մասնակցությունը կասեցնելու՝ Մոսկվայի որոշմանը: Ջո Բայդենը սխալ և անպատասխանատու է որակել այդ քայլը: Նա զգուշացրել է՝ պաշտպանելու են ՆԱՏՕ-ի երկրների տարածքի ամեն սանտիմետրը: «Վտանգված է ոչ միայն Ուկրաինան, վտանգված է ազատության գաղափարը», - ասել է ԱՄՆ նախագահը՝համոզմունք հայտնելով, որ կկարողանան լուծում գտնել:

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ-ՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԵՄ երկրների դեսպաններին չի հաջողվել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի շուրջ: Reuters-ը գրում է, որ դեռ մի շարք խնդրահարույց կետեր կան, մասնավորապես՝ Եվրոպայում ռուս օլիգարխների ակտիվների մասին հաշվետվություն ներկայացնելու պարտավորության հետ կապված:

Բանակցությունները կշարունակվեն այսօր: Նաև նշվում է, որ ԵՄ բոլոր երկրները միակարծիք են՝ 10-րդ փաթեթը պետք է ուժի մեջ մտնի մինչև փետրվարի 24-ը: Դա կարևոր ազդանշան կլինի Ռուսաստանին:

Ավելի վաղ՝ Politico-ն էլ գրել էր, որ Հունգարիան և Ֆրանսիան հակառուսական պատժամիջոցների քննարկման ընթացքում դեմ են արտահայտվել միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ գործակցության արգելքին։ Բելգիան էլ դեմ է ադամանդի արտահանման արգելքին:

Բրյուսելը նաև մտադիր է ընդլայնել ռուսաստանցի գործիչների սև ցուցակը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տվյալով՝ այդ ցանկում այժմ ներառված է 1386 ֆիզիկական անձ և 171 ընկերություն։

ՄՈԼԴՈՎԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

Մոլդովան ԱՊՀ-ի շրջանակում կնքած համաձայնագրերի չեղարկման գործընթաց է սկսում՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն։ Նրա խոսքով՝ չեղյալ կհայտարարվեն այն համաձայնագրերը, որոնք անհամատեղելի են Եվրամիությանը միանալու՝ Քիշնևի ստանձնած պարտավորություններին:

Մոլդովական կողմը նաև հերքել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան սադրիչ ռազմական գործողություններ է ծրագրում Մերձդնեստրի դեմ: Ռուսաստանի ՊՆ-ն պնդել է, թե ուկրաինական կողմը կարդարացնի իր հարձակումը՝ հայտարարելով, թե ռուսական ուժերը ցանկանում են հարձակվել Ուկրաինայի վրա Մերձդնեստրի տարածքից: Մոլդովայի կառավարությունը կոչ է արել հանրությանը սադրանքների չտրվել և հանգստություն պահպանել:

ԳԱԶԱՅԻՑ ՎԵՑ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ. ԻՍՐԱՅԵԼԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գազայի հատվածից վեց հրթիռ է արձակվել, հինգը Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է, մյուս հրթիռն ընկել է բաց տարածքում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Իսրայելն էլ պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածին: Jerusalem Post-ի տվյալով՝ թիրախում է եղել «Համաս» շարժմանը պատկանող զենքի արտադրամասը և ռազմական համալիրը, որը տեղակայված էր մզկիթի, բժշկական կենտրոնի, դպրոցի, հյուրանոցի և ոստիկանական բաժանմունքի մերձակայքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում