2022-ին քննվել է մոտ 60 000 քրեական վարույթ. Քննչական կոմիտեում լավագույնները պարգևատրվել են

ՄՄայա Խաչատրյան

Երիտասարդ քննիչ Աննա Գոլովինան պետական ու աշխատանքային խորհրդանիշների կողքին ամրացնում է Քննչական կոմիտեի նախագահից ստացած պարգևը: Շենգավիթի քննչական բաժինն է՝ 2022-ի՝ Երևանի «Տարվա ստորաբաժանում»-ը: Ռոբերտ Վարդանյանը թվերով է ներկայացնում իրենց ծանրաբեռնվածությունը: 2022-ին նախաձեռնվել է 2 437 վարույթ, մեղադրանք առաջադրվել 401 անձի, 581 քրգործով կարճվել է վարույթը, դատարան ուղարկվել 364 գործ:

Ռոբերտ Վարդանյան (ՀՀ ՔԿ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ) - Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության փոփոխություն է տեղի ունեցել, որի արդյունքում ոստիկանությունում գործող հետաքննության տեսուչների գործառույթը փոխանցվել է Քննչական կոմիտեին: Հիմա այդ գործառույթն էլ ենք մենք անում:

Հափշտակություն, յուրացում, խարդախություն, սպանություն. քննիչները գնացել են հանցանքի տարբեր հետքերով: Վարդանյանը Ձյուդոյի Հայաստանի բազմակի չեմպիոն է, շախմատ ևս սիրում է, համեմատում. ինչպես շախմատում, այստեղ էլ արդյունքի համար կարևորը քայլերի ճշգրիտ պլանավորումն է:

Ռոբերտ Վարդանյան - Մեր հատուկ կարևորագույն գործերով քննիչ Լևոն Անտանոսյանն է, քննում է ամենաբարդ գործեր: «Ինչքան վարույթ ունես»: «20, պարոն Վարդանյան»:

Ընդհանուր առմամբ 2022-ին քննվել է 59 830 քրեական վարույթ: Վստահ են՝ տեխիկական նոր միջոցների կիրառումը թույլ չի տա խուսափել արդարադատությունից:

Լևոն Անտանոսյան (ՀՀ ՔԿ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ) - Նախատեսված է, որ քննչական գործողությունները տեսաձայնագրմամբ լինեն: Քննիչը ավելի թիրախային կաշխատի: Ցուցմունքը վերցնելուց հետո, տեսաձայնագրումից հետո չի կարող հրաժարվել:

«Տարվա ստորաբաժանում»-ը նաև Շիրակի մարզային քննչական վարչությունն է, որը համալրված է 35 քննիչով: Այս պահին ունեն ավելի քան 2000 քրեական վարույթ: 2022 թվականը նրանց համար հանգիստ չէր: Պեմզաշենում մոր և երեխաների դաժան սպանության դեպքի նախաքննությունը իրականացնում է մարզային քննչական այս վարչությունը:

Աղասի Իսահակյան (ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետ) - Գործը բացահայտված է, բավարար ապացույցների համակցությամբ երկու անձի ներկայացվել է մեղադրանք, գտնվում են անազատության մեջ, ունեինք փորձագետի եզրակացություն:

Բարձր գնահատվեց նաև զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային բաժնի աշխատանքը: Իրենց ծանրաբեռնվածությունն, ըստ բաժնի պետի, մեծացավ հատկապես 2020-ի 44-օրյա պատերազմից հետո: Նախաձեռնված են զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործություններին առնչվող վարույթներ։

Դավիթ Ֆլջյան (ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնի պետ) - Զինվորականների շարքում են ինչպես բավական բարձրաստիճան սպաներ, այնպես էլ շարքային կազմից, ինչպես նաև քաղաքացիներ, որոնք զորակոչվել էին զինված ուժեր:

«Տարվա քննիչը» Տավուշի մարզային քնչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Մովսիսյանն է: Ավարտված գործերի գերակշիռ մասը եղել են ծանր, առանձնապես ծանր քրեական վարույթներ:

Կարեն Մովսիսյան (ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քնչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ) - Պարգևը ոչ միայն իմ աշխատանքի համար է, ամբողջ Տավուշի վարչությանն է: Բոլորս իրականացնում ենք նախաքննությունը, որոնք ավելացել են: Մեր մասնագիտությունն ավելի շատ  հարցերի ուղղում է, սովոր չենք, որ մեզ են հարց ուղղում: Հարց ուղղողի դերում մենք ենք, դրա համար, ձեր ասած, քչախոս եմ:

Համազգեստը չէ, որ սահմանափակում է խոսքը, ըստ Մովսիսյանի՝ ժամանակը քիչ է, գործը՝ շատ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում