ՀՀ-ի տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերումը վարչապետի թունիսյան հանդիպումների օրակարգում

ՀՀովհաննես Վարդանյան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկել հոկտեմբերին Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքները:

Ընդգծվել է պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը: Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Փաշինյանն ու Միշելը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա գործակցության հեռանկարները:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Թունիսում հանդիպել են նաև Հայաստանի և Կանադայի վարչապետները: Կարևորելով Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ու Ջասթին Թրյուդոն վստահություն են հայտնել, որ դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է նաև Հայաստանում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր, նաև՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը: Թրյուդոն պատրաստակամություն ու շահագրգռվածություն է հայտնել նպաստելու Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները ու հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՓՈԽԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Զբոսաշրջության, ավիահաղորդակցության, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետները:

Նիկոլ Փաշինյանն ու Դրիտան Աբազովիչը շեշտել են, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը լավ հենք է տնտեսական գործակցության խթանման համար:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում