Դատախազությունը «Սիլ պլազայի», «Գոլդեն փելեսի» տարածքները պետությանը վերադարձնելու գործընթաց է սկսել

ԼԼիլիթ Ասատրյան

Մեկհարկանի շինությունը 19-րդ դարի կառույց է եղել, սեփականատերը՝ Սոֆի Մելիք-Օհանջանյանը: 1997 թվականին «Աստղիկ-1» կոոպերատիվը շենքը որպես սեփականություն գրանցելուց հետո վերակառուցել է՝ հարկեր ավելացրել: Ընկերությունը, որը հետագայում վերանվանվել է «Գռզո պլազայի», բայց առավել հայտնի է «Սիլ պլազա» անվամբ, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին: 25 տարի անց դատախազությունը վիճարկում է սեփականաշնորհման օրինականությունը։

Սոնա Հովսեփյան (Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ)-  Արամի 3 և 5 հասցեների վերաբերյալ 1998 թվականի հունվարի 22-ին «Աստղիկ-1» կոոպերատիվին տրվել է սեփականության իրավունքի վկայական, հիմքում դրվել է Երքաղխորհրդի գործկոմի 1995 թվականի 47/34 որոշումը:

Դատախազությունն ուսումնասիրել է այդ որոշումն ու տեսել, որ Երևանի քաղաքային գործկոմը տարածքը կոոպերատիվին տրամադրել է ոչ թե սեփականության իրավունքով, այլ՝ օգտագործման, իսկ օգտագործվելու էր որպես հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն:

Սոնա Հովսեփյան - Ինչը չի եղել, ավելին՝ կադաստրային գործերի ուսումնասիրությունից երևում է, որ նշված տարածքները շատ շուտվանից սեփականության իրավունքը գրանցելուց հետո «Աստղիկ-1» կոոպերատիվը օգտագործել է բիզնես նպատակներով, տարածքներ են տրվել վարձով բանկերին, տարբեր առևտրային կազմակերպություններին:

Սեփականության իրավունքի փոխանցման գրանցումն արել է Կադաստրի կոմիտեն՝ Հովսեփյանի խոսքով՝ առանց հիմքի: Ինչպես շենքը, այնպես էլ դրա հողամասը երբևէ չեն օտարվել կոոպերատիվին, դատախազի պնդմամբ՝ սեփականության իրավունքի փոխանցումը կարող էր լինել միայն օտարման գործարքների միջոցով:

Սոնա Հովսեփյան - Իրականում Երքաղխորհրդի գործկոմը, որը եղել է այդ գույքի սեփականատերը, քանի որ գույքը եղել է պետական, ընդամենը մշտական օգտագործման իրավունքով հողամասը և շինությունները տրամադրել է «Աստղիկ-1» կոոպերատիվին: Հետագայում արդեն՝ 2005 թվականին Հողային օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում, «Աստղիկ-1» կոոպերատիվը արդեն դարձել է ոչ միայն շենքերի և շինությունների սեփականատերը, այլ նաև հողամասի սեփականատերը:

«Սիլ պլազա» ընկերության ներկայացուցչի դիտարկմամբ՝ գործընթացում խախտումներ չեն եղել:

Գորիկ Միրզոյան («Սիլ պլազա» ընկերության ներկայացուցիչ) - էն ժամանակվա օրենսդրության համապատասխան տվյալ տարածքները տրվել են անհատույց օգտագործման, բայց էնտեղ մի շարք վավերապայմաններ ա եղել, ինչը հետագայում հնարավորություն է տվել, որպեսզի կարողանան օրինական ընթացակարգերով օրինականացնել, և էդ բոլոր օրենսդրական պահանջների պահպանումից հետո, բնականաբար, էնտեղ կառուցվել ա շենք, շենքի կառուցման հետ կապված որոշակի պայմաններ ա եղել, պայմանների պահպանումից հետո համապատասխան հանձնաժողովի և պայմանագրի հիման վրա անցել է այն ժամանակ դեռևս «Աստղիկ» կոոպերատիվի սեփականության ներքո:

Միրզոյանի խոսքով՝ կա այս գործով հարուցված քրեական վարույթ, սակայն իրենց հայտնի չէ, թե ինչի՛ է քննվում, և ովք՛եր են անցնում դրանով: Փաստաբանն ընդգծեց՝ մնացած հարցերի պատասխանները կներկայացնեն դատավարության ընթացքում՝ նյութերն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
Դատախազությունն այսպիսով վարչական դատարանից պահանջում է զրկել «Սիլ պլազային» տվյալ շենքերի սեփականության իրավունքից։

Սոնա Հովսեփյան - Այսինքն՝ մենք ասում ենք՝ օտարում տեղի չի ունեցել, հետևաբար «Աստղիկ-1» կոոպերատիվի սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ գրանցվել չէր կարող:

Հայցը ներկայացվել է ընդդեմ Կադաստրի կոմիտեի, իսկ «Սիլ պլազան» գործով ներգրավվել է որպես երրորդ անձ: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա շենքը կվերադարձվի պետություն:


«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍԻ» ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Դատախազությունը դատարանում վիճարկում է նաև 2006-08 թվականներին «Գոլդեն փելես» ընկերությանը տրամադրված հողամասի օտարման իրավաչափությունը: 2008-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ է «Հաղթանակ» զբոսայգու տարածքը օտարվել:

Սոնա Հովսեփյան - Այսինքն՝ մի դեպքում 10 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս, մյուս դեպքում՝ 17 հազար քառակուսի  մետր մակերեսով հողամաս, օտարվել է, մեկը, օրինակ՝ ասեմ՝ 186 միլիոն դրամով:

«Գոլդեն փելեսի» սեփականատերը եղել է Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը, սակայն 2013-ից նա իր տեղը զիջել է որդուն՝ Արտաշես Ավետիսյանին: Այնտեղ հիմա կրկին այլ անվամբ հյուրանոց է: Ընկերության սեփականատերերն արդյոք իմացե՞լ են, որ հողատարածքը ենթակա չէր օտարման, նրանց փաստաբանը չի մանրամասնում:

Արմինե Հարությունյան («Գոլդեն փելես» ընկերության ներկայացուցիչ) - Այդ հարցերի կապակցությամբ արդեն իսկ քննված քրեական գործ կա, ավարտված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումով, ուստի այդ ժամանակաշրջանի հայցերը ներկայումս քննվող վարչական գործի շրջանակում գոնե մեր կողմից չեն քննարկվում:

Խոսքը Հատուկ քննչական ծառայությունում քննված գործի մասին է, որով նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը մեղադրյալի կարգավիճակ ուներ: Հետագայում, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Ըստ ընկերության փաստաբանի՝ քրեական գործի ավարտից հետո դատախազությունը դիմել էր վարչական դատարան՝ քաղաքապետի՝ տարածքները օտարելու որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցը մերժվել էր՝ դատավարական ժամկետներն ուշացնելու հիմքով:

Դատախազությունը հիմա էլ նույն հիմքով դիմել է տվյալ որոշումն առոչինչ ճանաչելու համար, ինչը, ըստ Հարությունյանի, հնարավոր չէ: Դատախազությունից նշում են՝ եթե դատարանը բավարարի հայցը, «Հաղթանակ» զբոսայգուն պատկանող և ապօրինի օտարված հողերը ևս կընդգրկվեն պետության հաշվեկշռում:

ՎԻՃԱՐԿՎՈՒՄ ԵՆ 11 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Դատախազության տեսադաշտում են նաև Նորքի այգիներում և Երևանի տարբեր հատվածներում գտնվող 11 հողամասերի օտարման գործընթացները: 2003-2005 թվականներին հեռուստաաշտարակին հարող հատվածում և տարբեր վարչական տարածքներում գտնվող հողամասերը սեփականության իրավունքով տրվել են տարբեր անձանց, այն դեպքում, երբ, ըստ դատախազության՝ դրանք օտարելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշում չի եղել:

Սոնա Հովսեփյան - Երևանի քաղաքապետարանի նշված որոշումները վերաբերում են բոլորովին այլ անձանց և վերաբերում են բոլորովին այլ հատվածների, հետևաբար նման օտարումներ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված հողամասերի մասով, նշված անձանց տեղի չի ունեցել: 
«Կադաստրի կոմիտեի գրությունից հետևում է, որ Նորքի հեռուստաաշտարակին հարող տարածքը անտառային տարածք է եղել, հետևաբար որպես անտառային տարածք օտարման ենթակա էլ չէր, եթե լիներ Երևանի քաղաքապետի նման որոշում:

Այս դեպքում նույնպես դիմել են Վարչական դատարան՝ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:

Սոնա Հովսեփյան - Եթե հաստատվի, ուրեմն կհաստատվի նաև, որ այդ հողամասերը պետք ա նորից վերադառնան պետական մարմնի հաշվեկշիռ, ոչ թե պետք է լինեն քաղաքացիների սեփականությունը:

Դատախազության ուսումնասիրությունները պարզել են, որ նմանատիպ վիճահարույց խնդիրներ կան նաև Արարատի մարզի Սուրենավան և Տավուշի մարզի Աչաջուր համայնքներում: Կրկին օտարվել են հողամասեր՝ ապօրինի ճանապարհով:

Այս և մյուս բոլոր գործերով կան քրեական վարույթներ: Որպես հայցի ապահովման միջոց, դատարանի որոշմամբ, կալանք է դրվել «Սիլ պլազա» ընկերության Արամի փողոցում գտնվող տարածքների, «Գոլդեն փելեսի» հողամասի և մյուս բոլոր թվարկված շինությունների ու տարածքների վրա:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում