Ամփոփել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումները. հնարավոր է «լռության օր» չլինի

ՄՄայա Խաչատրյան

Արդարադատության նախարարությունն ամփոփել է սեպտեմբերին սկսած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի մշակման քննարկումները: Դրանց մասնակցել են պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչներ: Քննարկումներին նախորդել է ընտրական օրենսդրության գործնականում առաջացող խնդիրների վերաբերյալ զեկույցի մշակումը, որը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ: Զեկույցում ամփոփված են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները, առաջարկներն ու կարծիքները: Խնդիրների լուծումը նախատեսված է Կառավարության 5-ամյա ծրագրով:

Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող) - Կառավարության ծրագրով նախատեսված վերջնաժամկետը 2023 թվականի մարտն է: Մինչև մարտ պետք է կազմենք նախագիծ, դնենք հանրային քննարկման՝ հաշվի առնելով բոլոր դիտարկումները, քննադատությունները, առաջարկները: Պատրաստենք լրամշակված նախագծի փաթեթ և տանենք Ազգային ժողով:

Աշխատանքային հանդիպումները կազմակերպվել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Օրենսդրության զարգացման կենտրոն-հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ քննարկումներին մասնակցության հրավեր ուղարկվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, ներկա են գտնվել հիմնականում իշխող քաղաքական ուժի անդամներ:

Քրիստինե Ալեքսանյան (ՀՀ ԱՆ օրենսդրության զարգացման կենտրոնի ավագ իրավաբան, փորձագետ) - Քննարկումների հիմնական մասն ավարտվել է, բայց եղել են հարցեր, որոնց վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, այդ նպատակով նախատեսվում են առաջիկայում անցկացնել ևս երկու քննարկում: Համաձայնություն է նաև ձեռք բերվել նախագծի վերջնականացման ու շրջանառությունից հետո կարծիքների հիման վրա լրամշակմանը այս ձևաչափով համագործակցությունը շարունակել:

Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները կատարվեցին 2022-ին: ԿԸՀ քարտուղարը կարևոր է համարում, որ փոփոխությունները նախաձեռնել են ոչ թե համապետական ընտրությունների նախաշեմին, այլ՝ ավելի վաղ: Արմեն Սմբատյանի կարծիքով՝ քննարկումներին շահագրգիռ կողմերի ներառականությունը թույլ կտա կոնսենսուսային նախագիծ ունենալ: Նշում է ակնկալվող փոփոխություններից մի քանիսը:

Արմեն Սմբատյան (ՀՀ ԿԸՀ քարտուղար) - Օրինակ՝ Ընտրական օրենսգիրքն ունի այնպիսի ժամկետներ, որոնք առաջարկել ենք փոփոխել, որպեսզի ավելի արդյունավետ իրականացվեն ընտրությունները, օրինակ՝ կան ժամկետներ, որոնք քարոզչությանը պատրաստվելու առումով հաշվարկվում են նշանակման օրվանից: Առաջարկել ենք բոլոր ժամկետները հաշվարկվեն քվեարկության օրվանից, որ դրանք լինեն ստանդարտ:

Կոնսենսուսային առաջարկներից է «նախընտրական քարոզարշավ» հասկացության հստակեցումը: Առաջարկվել է հանել «լռության օրը»: Ընտրության նախորդ օրը հավաքներ անցկացնել կարգելվի, բայց քարոզչություն կարող է լինել: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով՝ հասարակական կազմակերպություններն առաջարկել են հակակոռուպցիոն մեխանիզմներ, ընտրական իրավունքի պաշտպանության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու միջոցառումներ:

Սոնա Այվազյան («Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն) - Քվեարկության օրվա գործընթացներն էապես բարելավվել են, սակայն նախընտրական քարոզչության ժամանակահատվածը բարելավումների տեղ ունի, դեռևս հնարավորություն է տալիս, որ, օրինակ՝ վարչական ռեսուրսը չարաշահվի: Ներկայացվել են առաջարկներ, որպեսզի սահմանափակվի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից տեղական, պետական բյուջեների այնպիսի եղանակով կառավարումը, որը կարող է դիտվել ընտրողների կողմից որպես լավ, բարի գործ, լավ աշխատանք, որը միտված կլինի ձայներ բերելուն:

Կարգելվի հանրային տրանսպորտում, կրթական, սննդի օբյեկտների վրա ընտրական պաստառների տեղադրումը: Ընտրացուցակներում սեռերի քվոտային վերաբերող կարգավորման նպատակով առաջարկվում է մանդատից հրաժարվելու դեպքում այն տալ նույն սեռի թեկնածուին, բացակայության դեպքում՝ մանդատը թողնել թափուր:

Առաջարկվել է սահմանել, որ տարածքային ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասի քվեարկության արդյունքը վերահաշվարկի ոչ թե վիճակահանությամբ, այլ ըստ դրա վերաբերյալ դիմումի: Մեկ այլ առաջարկով կարող է դյուրացվել հաշվառման ու բնակության տարբեր հասցեներ ունեցող ընտրողի քվեարկության հնարավորությունը:

Գրիգոր Մինասյան - Գործընկերները՝ թե՛ տեղի, թե՛ միջազգային, առաջարկում են, որ այդ թերթիկ կոչվածը դուրս գա, և ոստիկանությունը, ստանալով այդ դիմումը, ծանուցի ընտրական տեղամասին, թվային տեխնոլոգիաներով տեղեկացնի, որ սա ձեր տեղամասը, կարող եք քվեարկել:

Սոնա Այվազյան - Կարծում ենք, որ եթե այն առաջարկները, որոնք ներկայացվում են մեր կողմից և միջազգային կազմակերպությունների կողմից, եթե ներառվեն փոփոխությունների մեջ, ապա մենք կունենանք շատ ավելի լավ օրենսդրություն, շատ ավելի արդյունավետ կկարողանանք կանխել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, և մարդկանց մոտ ավելի մեծ կլինի վստահությունը և՛ ընտրական գործընթացի նկատմամբ, և՛ ընտրվող պաշտոնյաների նկատմամբ:

Փոփոխությունների փաթեթը դեռ պետք է դրվի հանրային քննարկման, Կառավարության հաստատումից հետո ներկայացվի խորհրդարան: Հաջորդ համապետական ընտրությունը, ըստ ամենայնի, կկազմակերպվի Ընտրական փոփոխված օրենսգրքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում