Վերստուգումներ՝ Երևանի և մարզերի բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող խոշոր առևտրի կենտրոններում

ԼԼիլիթ Ասատրյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող խոշոր առևտրի կենտրոններում: «Սուրմալուին» կից գտնվող «Փեթակում» վերջին ստուգումն իրականացվել է նախորդ տարի, հայտնաբերվել 12 խախտում, մեկ տարի անց կատարված վերստուգումը թերությունների գրեթե նույն քանակն է հայտնաբերել:

Արմեն Հովակիմյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության փորձագետ) - Ըստ վարչարարության մեր հիմունքների՝ հիմա վարույթի փուլում է, և ամենայն հավանականությամբ որոշում կայացվի գործունեության կասեցման:

Վերստուգում է իրականացվել նաև «Առինջ մոլում», խախտումները չվերացնելու պատճառով տնտեսվարողը տուգանվել է 150 հազար դրամով:

Արմեն Հովակիմյան - Սեպտեմբերին էլ նախատեսված է վերստուգման արդյունքում տրված կարգադրագրի կետերի ստուգում, որից հետո, եթե կատարված չլինի, արդեն լրիվ հիմքերը կան նրա գործունեության նույնպես դադարեցման: Սակայն կոնկրետ «Առինջ մոլի» պարագայում ասեմ, որ դրական դինամիկա ունենք, այսինքն՝ ստուգման և վերստուգման արդյունքում խախտումների քանակի նվազում ունենք:

Տեսչական մարմնի փորձագետ Արմեն Հովակիմյանը նշում է՝ բարձր ռիսկայնություն ունեցող առևտրի բոլոր կենտրոններում միանման խախտումներ են հայտնաբերվում:

Արմեն Հովակիմյան - Ծխահեռացման համակարգ չկա, տարհանման ուղիներն են արգելափակված, հրդեհի ազդարարման համակարգ չկա, ներքին ջրամատակարարման ցանց չունեն, էլեկտրական տնտեսություններն են սխալ մոնտաժված:

Եթե տնտեսվարողների կողմից խախտումները չվերացնելու դեպքում պետությունը որդեգրի գործունեության կասեցման քաղաքականություն, հանրապետությունում բարձր ռիսկայնության մոտ 8000 օբյեկտից գործելու թույլտվություն կունենա միայն 24%-ը՝ նշում է փորձագետը: Վերջին շրջանում 10 առևտրի կենտրոնում իրականացված ստուգումները, սակայն, նաև դրական պատկեր են ցույց տվել:

Արմեն Հովակիմյան - «Ռոսիա մոլը» ստուգվել է, խախտումներ չեն եղել, բավականին լավ վիճակում է հրդեհային անվտանգության կանոնների պահպանման առումով:

Առևտրի մյուս կենտրոններում ստուգումները կիրականացվեն մինչև հոկտեմբեր, կվերստուգվի նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն հատվածը, որում տնտեսական գործունեություն է իրականացվում պայթյունից հետո:

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքից հետո հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է ներկայացվել 4 անձի:

Արման Աբրահամյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ) - Նշված անձինք ձերբակալվել են, և վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի կողմից բավարարվել է միջնորդությունը, և երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկ անձի մասով մերժվել է:

Քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է 100-ից ավելի անձ: Շարունակվում են վարութային և քննչական գործողությունները նաև պայթյունի հետևանքով փլուզված և քանդման ենթակա շինության տարածքում:

Արման Աբրահամյան - Մինչև քննչական գործողությունները չավարտվեն նշված տարածքում, որևէ քանդման աշխատանք չի իրականացվելու:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի քրեական գործով նշանակված են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը վարում է 40 հոգանոց քննչական խումբը:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում