Ուկրաինայում 288 գերի է փոխանակվել

ԴԴիանա Գասպարյան

ԵՎՍ 500000 ՖՈՒՆՏ ՍՏԵՌԼԻՆԳ՝ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ

Մեծ Բրիտանիան ևս 500000 ֆունտ ստեռլինգ կհատկացնի Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար՝ հայտնում են Միացյալ Թագավորության կառավարության մամուլի ծառայությունից։

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով՝ դա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին հնարավորություն կտա փորձագիտական խորհրդատվություն տրամադրել կողմերին, օգնել արդյունավետ ականազերծում իրականացնել և նվազեցնել քաղաքացիական բնակչության կյանքին սպառնալիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ստորագրել ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք ուղղված են ցամաքային ականների և կասետային զինամթերքի կիրառման արգելքին:

ԱՄՆ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ԿՎԱՃԱՌԻ. ԲԱՅԴԵՆ

Վաշինգտոնը Թուրքիային F-16 կործանիչներ կվաճառի՝ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Ջո Բայդենը, հավելել՝ այդ գործարքը նախ պետք է հաստատի Կոնգրեսը։

Նա հայտնել է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգները Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ կտրամադրի, որը կներառի հակաօդային պաշտպանության և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

«Կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան պահանջվի՝ հաշվի առնելով մինչև ձմեռ հակամարտությունը դադարեցնելու՝ Կիևի ցանկությունը»,- նշել է Բայդենը։

ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին՝ հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը։ Դրա վավերացումից հետո դաշինք հրավիրված երկիրը դառնում է կառույցի լիիրավ անդամ։

«ՆԱՏՕ-ն պատրաստ է այդ որոշման հետևանքներին, նաև ընդգծում ենք Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական բախումը կանխելու անհրաժեշտությունը»,- հավատացրել է Ենս Ստոլտենբերգը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ ավելի վաղ ստորագրված հուշագիրը դիվանագիտական ​​հաղթանակ է անվանել, գոհունակությամբ նշել՝ փաստաթղթում հաշվի են առնվել Թուրքիայի մտահոգությունները։

Նրա խոսքով՝ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել Անկարայի կողմից ահաբեկիչ ճանաչված 73 անձի։

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԶԳՈՒՄ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Արևմուտքը չի չեղարկի հակառուսական պատժամիջոցները, եթե Ուկրաինան խաղաղության մասին համաձայնագիր կնքի իրեն պարտադրված պայմաններով՝ ասել է Գերմանիայի կանցլերը։

Օլաֆ Շոլցը, միաժամանակ, խոստովանել է, որ Արևմուտքն էլ է զգում Ռուսաստանի դեմ սահմանափակումների բացասական հետևանքները, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում։

Նա նշել է նաև, որ աշխատանքներ են տարվում՝ լուծելու Ռուսաստանից Լիտվայի տարածքով Կալինինգրադ բեռնափոխադրումների սահմանափակման հարցը։
Մինչ այդ, Մոսկվան փոխադրումների այլընտրանքային ճանապարհներ է մշակում:

«Խոլմոգորի» նավը առաջին անգամ Սանկտ Պետերբուրգից Կալինինգրադ է հասցրել մարզի բնակիչների համար անհրաժեշտ ապրանքատեսակները։ Նավն այդ երթուղով կգործարկվի շաբաթը մեկ անգամ:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՌԴ-Ն ԳԵՐԻՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ

Ուկրաինական և ռուսական կողմերը գերիների փոխանակում են իրականացրել: Յուրաքանչյուր կողմին վերադարձվել է 144 զինծառայող։ Ուկրաինայի ՊՆ-ից հայտնել են, որ փոխանակված ռազմագերիների թվում են նաև Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից ռուսական կողմին հանձնված զինվորականները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում