ԲԴԽ նախագահ, լիազորությունները կասեցված Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ խորհրդի որոշումն այսօր հրապարակվել է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ ԲԴԽ-ն դռնբաց նիստում, քննության առնելով հանձնախմբի մայիսի 18-ին խորհրդին ներկայացված՝ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որոշել է այն բավարարել:
Գագիկ Ջհանգիրյան (ԲԴԽ նախագահի պաշտոնակատար) - ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել: Որոշումն ընդունվել է հունիսի 16-ին: Ուղղակի այսօր հրապարակվում է:
Ռուբեն Վարդազարյանը, հիշեցնենք, մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:
Ըստ մեղադրանքի՝ զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, նա միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի՝ արդարադատության իրականացմանը:













