Կաշառքի ստացում, փողերի լվացում և այլ ապօրինություններ. Աղվան Հովսեփյանի գործը կուղարկվի դատարան

ՄՄուշեղ Իսախանյան

Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Իրավապահները ձեռք են բերել բավարար ապացույցներ, որ Աղվան Հովսեփյանը, 2003-ից մինչև 2018 թվականները՝ բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցնելով, 2007-2015 թթ. մասնակցել է իր մտերիմի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, միջնորդել, որ դրանց արտոնություններ ու առավելություններ տրվեն: Այդպիսով, Աղվան Հովսեփյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույք:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե - Աղվան Հովսեփյանը, Ա. Ս.-ի հետ 2007 թ. հիմնադրելով տեխնիկական զննման գործունեություն իրականացնող «Տրանս-սիստեմ» ՍՊ ընկերությունը, իրականացրել է դրա կառավարման գործառույթները: Աղվան Հովսեփյանը դիմել է ոլորտը կարգավորող նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձին, և 2007 թ. հիշյալ ընկերությանը տրամադրվել է համապատասխան լիցենզիա: Բացի այդ, Աղվան Հովսեփյանը որոշել է ընկերության մասնակիցների շրջանակը, շահույթի բաշխման կարգն ու չափերը: Ընդ որում` Աղվան Հովսեփյանի որոշմամբ նշված բիզնեսում ներգրավվել են նաև նրա հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվող ՀՀ գլխավոր դատախազության նախկին աշխատակիցներ, իսկ 2015 թ.-ից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր է դարձել նրա որդին` Նարեկ Հովսեփյանը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության՝ Հովսեփյանը, նույն սխեմայով, նույն միջնորդի միջոցով մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Միաժամանակ, օգտագործելով իր դիրքն ու կապերը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության տնօրենի հետ պայմանավորվել է, որ կոմբինատի բեռնատար ավտոմեքենաների անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: 2008-2015 թթ. ընթացքում ընկերությանը մատակարարվել է 7 մլրդ դրամի անվադող: Պարզվել է նաև, որ նույն ժամանակաշրջանում նախկին պաշտոնյան ապօրինի մասնակցել է մտերիմի հիմնադրած ևս երկու ընկերությունների կառավարմանը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե - Նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» և «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ու ընկերություններին տրամադրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Վերը նշված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 788 մլն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով Աղվան Հովսեփյանը նշված գումարով 2009-2015 թթ. վերանորոգել և կառուցել է առանձնատուն, որի պատկանելությունը թաքցնելու համար նախ՝ այն հաշվառել է որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ, այնուհետև` 2015 թ. կնքված անշարժ գույքի առուվաճառքի ձևական պայմանագրով, Նարեկ Հովսեփյանը ավելի քան 1 մլրդ դրամանոց առանձնատունը 90 մլն դրամով իբր վաճառել է մորը՝ Աստղիկ Հովսեփյանին:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2009-2011 թվականներին էլ Հովսեփյանը՝ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու հետևանքով ստացված 55 մլն դրամով Մաշտոցի պողոտայում վերանորոգել է բնակարաններ, գնել ավտոտնակ, գրանցել այլ մարդկանց անուններով և օրինականացրել գումարը: Նախկին գլխավոր դատախազը 2010-2017 թվականների ընթացքում տարբեր գործարքներով ու օրենքի խախտումներով կազմակերպել է որդու անունով 27.8 հա ընդհանուր մակերեսով 10 հողատարածքի վաճառք, որը հետագայում ձևական պայմանագրով վաճառվել է իր ազգականին, ապա նվիրաբերվել՝ կրկին որդուն: Այսպես Հովսեփյանը օրինականացրել է ավելի քան 5 մլն դրամ արժողությամբ հողամասերը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե - Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աղվան Հովսեփյանը, նախկին «Երևան հեռուստաընկերություն» ՓԲԸ սեփականատեր Վ. Ղ.-ից տեղեկացված լինելով նրա շահերին առնչվող քրեական գործերի առկայության մասին, 2011 թ. ընթացքում նրանից՝ որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափի` ընկերության 206 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր, որոնք ստացել է նույն թվականի փետրվարի 14-ին կնքված պայմանագրով, իր որդուն` Արմեն Հովսեփյանին նվիրաբերելու եղանակով: Այնուհետև, անօրինական ճանապարհով ստացված բաժնետոմսերի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, Աղվան Հովսեփյանը հորդորել է Վ. Ղ.-ին հիշյալ բաժնետոմսերը ընկերության մյուս բաժնետոմսերի հետ վաճառել մեկ այլ ընկերության: Բաժնետոմսերի վաճառքից գումարի մի մասը փոխանցվել է որդու անվամբ բացված հաշվեհամարին: Աղվան Հովսեփյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 237 մլն դրամը:

Աղվան Հովսեփյանի առաջարկով, վերը նշված անձին պատկանող ավելի քան 672 մլն դրամ արժողությամբ 3 հա հողատարածքը ձևակերպվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի անվամբ` որպես Ղարիբյան եղբայրների միջև առկա գույքային տարաձայնությունները հարթելու երաշխիք: Հետո, սակայն, Հովսեփյանը Վրեժ Մարկոսյանին դրդել է հողատարածքը նվիրատվության պայմանագրով գրանցել Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Այս արարքների համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, փողերի լվացման համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում