Կարծում եմ՝ ազդակները դրական են. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ զրույցի մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանների զորքերի հայելային հետքաշման մասին:

Հիշեցնենք՝ Միրզոյանը հայտնել էր, որ հայկական կողմն անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական կողմին ու վերջինի միջնորդությամբ՝ Ադրբեջանին:

«Շատ դետալներ բացահայտել չեմ կարող, բայց ուզում եմ ասել, որ իմ ներկայացրած փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման դեպքում ոչ մի ճանապարհ ու գյուղ անպաշտպան չի մնա: Շատ դետալներ այս պահին չեմ կարող բացահայտել, բայց որպես սահմանագիծ այս պահին քննարկվում են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև սահմանները՝ զորքերի հայելային հետքաշման համար»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը պատասխանեց նաև հարցին, թե ինչ է ինքը խոսել Ստոկհոլմում Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը:

«Պաշտոնական հանդիպման մասին չէ խոսքը: Մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, երկու սենյակները կապող միջանցքում կողք կողքի ենք քայլել: Մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես. բարև Ձեզ, բարև Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, այդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց որ գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը: Կարծում եմ՝ սա լավ խոսակցություն է, ազդակներն էլ դրական են»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց՝ քանի որ հանդիպումը պաշտոնական չէր, դրա մասին հաղորդագրություն չի եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում