Ջրվեժը 190 երեխայի համար նախատեսված 7 մասնաշենք ունեցող ժամանակակից նոր մանկապարտեզ կունենա

ՄՄուշեղ Իսախանյան

Ջրվեժի միակ ու ամբողջովին նոր մանկապարտեզն է: 2 տարի առաջ համայնքապատկան 5000 քմ հողամասը որոշվեց նպատակային օգտագործել, այսուհետև կծառայի երեխաներին: Ջրվեժում ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ էլ անկախությունից հետո նախակրթարան չի եղել, ծնողներն ստիպված էին երեխաներին հարևան համայնքների մանկապարտեզներ տանել: 7 մասնաշենք ունեցող նոր մանկապարտեզը նախատեսված է 190 երեխայի համար:

Ռոբերտ Պետրոսյան, Ջրվեժ համայնքի ղեկավար - Մանկապարտեզը նախատեսված է 8 խմբի համար, ունի 7 մասնաշենք՝ վարչական, խոհանոցային մասնաշենք, դահլիճային մասնաշենք և 4 երեխայի սենյակների համար մասնաշենքեր: Միայն Ջրվեժ համայնքում 3-6 տարեկան երեխաների թվաքանակը 300-ին մոտ է: Այդ երեխաների մեծ մասը կամ չեն այցելում, կամ այցելում են Երևան քաղաքի մանկապարտեզներ:

Նախակրթարանի կառուցման համար նախատեսված էր 750 մլն դրամ, շինարարական ընկերությունը մրցույթը 670 մլն-ով է հաղթել: 2020-ին համայնքը դիմել էր կառավարությանը՝ մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրերի շարքում ներառելու համար: 50/50 համաֆինանսավորմամբ առաջին փուլի համար 2020-ին պետությունն ու համայնքը գումարի կեսը փոխանցել են շինընկերությանը:

Ռոբերտ Պետրոսյան - 2021 թվականի համար 2-րդ փուլի աշխատանքներն են սկսվել: Այս պահին արդեն համայնքն իր ֆինանսական միջոցներն ամբողջությամբ դրել է, դիմել ենք կառավարությանը, որ 2-րդ փուլի աշխատանքները ֆինանսավորվի: Հիմնական աշխատանքներն ավարտվելու են ըստ պայմանագրի՝ 2022 թվականի մարտ ամսին:

Ժամանակակից ու սեյսմակայուն մանկապարտեզը կունենա նաև մի քանի խաղահրապարակ, արտաքին պատերը ջերմամեկուսացվել են, տեղադրվել է ժամանակակից ջեռուցման համակարգ: Մանկապարտեզը կարտադրի նաև իր էլեկտրաէներգիան՝ տանիքին արևային պանելներ կլինեն:

Ռոբերտ Պետրոսյան - Ձմռանը ներքին հարդարման աշխատանքները կավարտվեն, արդեն ձմռան վերջին և գարնան շեմին դրսի բարեկարգման աշխատանքները կավարտվեն:

Հաջորդ տարվա սկզբից արդեն համայնքապետարանը կսկսի զբաղվել նաև կահավորման աշխատանքով: Եվ քանի որ մանկապարտեզը մեծ է և առանձնանում է անգամ մարզի կտրվածքով, նախ մասնագետներ կհրավիրեն, որոնք կհաշվեն, թե ինչ է անհրաժեշտ, ապա արդեն համայնքապետարանը կսկսի գնումները: Ռոբերտ Պետրոսյանի խոսքով՝ կփորձեն կահավորումն էլ սուբվենցիայով անել, բայց եթե անգամ չստացվի, փոքրիկներն առանց պահարանի ու մահճակալի չեն մնա, համայնքային բյուջեից կգնեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում