Հայկական կողմի հստակ հակափաստարկները Բաքվի մեղադրանքներին՝ ՄԱԿ արդարադատության դատարանում

ՄՄայա Խաչատրյան

Երեքշաբթի առավոտյան ադրբեջանական կողմն Արդարադատության միջազգային դատարանում պատասխանեց Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի պնդումներին: Ադրբեջանը ներկայացրել է նախորդ օրվա գրեթե նույն փաստարկները՝ այսպես կոչված մեղադրանքների հիմքում կրկին դնելով ականապատ տարածքների քարտեզների հարցը:

Հաագայում Բաքվի պաշտոնական ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը պնդել է, թե իբր Հայաստանը շարունակում է ատելություն սերմանել՝ թաքցնելով խմբավորումների:

Եղիշե Կիրակոսյան (ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչ) - Բոլոր այդ մեղադրանքներին հայկական կողմն արդյունավետ կերպով երեկ հստակ հակափաստարկներ ներկայացրել է: Ադրբեջանական կողմը միշտ է հայելային մոտեցում ցուցաբերում, կրկնօրինակում, իրենք միշտ սիրում են, կարծում եմ, այս կոնվենցիայի տրամաբանության մեջ ինչ փորձել են ներկայացնել իբրև հակընդդեմ հայց կամ պահանջ, հեռու է կոնվենցիայի շրջանակներից, չի մտնում կոնվենցիայի կիրառելության մեջ: Հայկական կողմի իրավական հիմնավորումն ամուր է, սպասենք դատարանի որոշմանը, որը կլինի 1-1,5 ամիս հետո:

Որոշումների կատարման տեսանկյունից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներգրավման մասին խոսելը Եղիշե Կիրակոսյանը վաղ է համարում՝ շեշտելով, որ Հաագայի դատարանում գործընթացի մեկնարկն արդեն իսկ հայկական կողմի պահանջների վրա որոշակի ազդեցություն ունեցել է: Բաքվի այսպես կոչված ռազմավարի պուրակից հանվել են ցուցանմուշներ:

Եղիշե Կիրակոսյան - Այսինքն՝ դատական գործընթացը սկսելու, նախաձեռնելու հետևանքով, կատարել է որոշ փոփոխություններ առնվազն, որը արդեն ազդեցության մասին, քիչ, բայց խոսում է: ԱԽ-ն մեխանիզմն է դատարանի որոշումների կատարման համար, եկեք սպասենք, ավելի լավ է, գործընթացն իր հունով գնա, որոշում կկայացնի: Իրավական մեխանիզմի գործադրումն արդեն որոշակի ճնշում ավելացրել է ադրբեջանական կողմի վրա, ակնհայտ է, ավելի կխորանա պրոցեսը, էնքան իրավական ճնշումը կավելանա:

ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ

Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց՝ տասնամյակներ ի վեր ամենաբարձր մակարդակով տարվող Ադրբեջանի հայատյաց, ռասիստական քաղաքականության մասին դատարանին ներկայացված հայկական կողմի փաստարկները համոզիչ են, որոնց դեմ Բաքուն հիմնավոր ապացույցներ չունի: Հրատապ միջոց կիրառելու պահանջներից է գերիների վերադարձը: Իսկ հնարավո՞ր է Եվրադատարանում գերիների հարցով գործընթացներն օգնեն Հաագայի դատարանի կողմից այս պահանջի կատարմանը:

Եղիշե Կիրակոսյան - Կարող է որոշակի նպաստ բերել այն տրամաբանության մեջ, որ Եվրոպական դատարանին դիմելու ժամանակ փորձեցինք եվրոպական դատարանի հնարավորությունը օգտագործել, սակայն մերժեց, ասելով որ դա գտնվում է իր շրջանակից դուրս քննության: Կարծում ենք, որ այս իրավական գործիքը մի փոքր լայն իրավական միջավայրում է, լայն իրավական հնարավորություն է տալիս դատարանին կիրառելու:

ՄԻԵԴ-ը սահմանափակված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տրամաբանությամբ, իսկ այստեղ գործ ունենք Ռասսայական խտրականության կոնվենցիայի հիման վրա իրավազորության հետ. Հաագայի դատարանը կարող է հենվել նաև միջազգային իրավունքի ընդհանուր նորմերի վրա. այդ տրամաբանության մեջ գերիների վերաբերյալ պահանջի կատարման ակնկալիքը ավելին է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում