Թալիբանը պայքարում է դիմադրության օջախների դեմ

ՄՄարիամ Մխիթարյան

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ պատրաստվում է գրավել Աֆղանստանի հյուսիս - արևելքում գտնվող Փանջշիր նահանգը: Այս շրջանը, որի բնակիչների ճնշող մեծամասնությունը էթնիկ տաջիկներ են, երկրի միակ տարածքն է, որ թալիբների վերահսկողության տակ չէ:
Սոցիալական ցանցերում Թալիբանի ներկայացուցիչները հայտնել են, որ զինյալներ են ուղարկել Փանջշիրի կիրճ, քանի որ «տեղական իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվել են այն խաղաղ ճանապարհով հանձնել»:
Փանջշիրում Թալիբանի դեմ դիմադրության շարժում սկսած առաջնորդ Ահմադ Մասուդն էլ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ընդհանուր կառավարության ձևավորման շուրջ՝ առճակատումից խուսափելու համար: Միաժամանակ նա հստակ հասկացրել է, որ իր վերահսկողության տակ գտնվող ուժերը կարող են զինված դիմադրություն ցուցաբերել թալիբներին:
Ավելի վաղ Թալիբները մեծաթիվ ուժերով ճնշել էին դիմադրության մեկ այլ օջախ՝ Բագլան շրջանում:

Ըստ աֆղանստստանյան աղբյուրների՝ թալիբների ձեռքում է հայտնվել մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա: Աֆղանստանի բանակը, բառացիորեն չդիմադրելով թալիբների հարձակմանը, նրանց է թողել տասնյակ թեթև զրահապատ մեքենաներ և բեռնատարներ, և մեծ թվով սպառազինություն: Բայց ամենաարժեքավորը մարտական ինքնաթիռներն են:
Տեղեկություն չկա, թե քանի ինքնաթիռ և ուղղաթիռ այժմ ունեն թալիբները, քանի որ չի բացառվում, որ աֆղանական ուժերը նահանջի ժամանակ ոչնչացրել են դրանց մի մասը: Հայտնի է նաև, որ ինքնաթիռներով և ուղղաթիռներով մի շարք զինվորականներ հեռացել են երկրից՝ փորձելով ապաստան գտնել հարևան երկրներում:
Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ թալիբներն ունեն բավարար օդուժ տարածաշրջանում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Փորձագետների համար դեռ անորոշ է՝ թալիբները կգտնե՞ն անձնակազմ ավիացիան սպասարկելու համար, իսկ որ ամենակարևորն է, արդյոք կկարողանա՞ն դրանք օդ կբարձրացնել:

Քաբուլի օդանավակայանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել հրաձգություն Աֆղանստանի անվտանգության ուժերի և անհայտ անձանց միջև, զոհվել է անվտանգության մեկ աֆղանստանցի սպա, երեքը վիրավորվել է:
Ըստ տեղեկությունների, փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի և ամերիկացի զինծառայողներ, նրանցից շրջանում տուժածներ չկան:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շարունակվում է Աֆղանստանից ԱՄՆ և դաշնակից երկրների քաղաքացիների, ինչպես նաև նրանց հետ համագործակցած աֆղանստանցիների տարհանումը: Հուլիսի սկզբից Աֆղանստանից տարհանվել է շուրջ 33 հազար մարդ, որից շուրջ 28 հազարը՝ օգոստոսի 14-ից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում