ՀՀ Սահմամադրության կայացման ճանապարհը

ՇՇողիկ Գալստյան

Ուղիղ 26 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեով ընդունված Հայաստանի Սահմանադրությունը փոխվել է երկու անգամ, մայր օրենքը փոխելու մեկ փորձի էլ քաղաքացիները «ոչ» են ասել: Ընդունումից 8 տարի անց Սահմանադրությունը փոխելու առաջինը փորձն արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մայր օրենքը փոխելու անհրաժեշտությունն առաջացավ Եվրոպայի խորհրդի կազմ մտնելուց հետո: 2003 թվականին քվեարկության դրված նախագիծը, սակայն, տապալվեց:

երկու տարի անց՝ 2005 թ. նոյեմբերի 27-ին, հանրաքվեի դրվեց արդեն փոփոխված նախագիծը: Ընդդիմության պնդմամբ՝ փոփոխության նպատակը Ռոբերտ Քոչարյանի վերարտադրությունն էր։ Սահմանադրական այս փոփոխությունը հանրության և քաղաքական շրջանակներում ստացավ «ուրվականների հանրաքվե» անվանումը: Թեև հանրությունն ու ընդդիմադիր շրջանակները բոյկոտեցին հանրաքվեն ու տեղամասեր չգնացին, այդուհանդերձ իշխանությունն ապահովեց խիստ բարձր մասնակցություն: Հանրաքվեին մասնակցեց 1.5 միլիոնից ավելի քաղաքացի, որոնցից ավելի քան 1 մլն. 400 հազարը կողմ քվեարկեց նախագծին:

երկրի հիմնական օրենքի նոր խմբագրությամբ՝ էականորեն կրճատվեցին նախագահի և, հակառակը, ընդլայնվեցին Ազգային ժողովի լիազորությունները: Այսպիսով՝ նախագահը վարչապետ նշանակելուց արդեն պետք է հաշվի առներ խորհրդարանական մեծամասնության կարծիքը՝ հիմք ընդունելով նաև Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունները: Վերացվեց նաև Ազգային ժողովն արձակելու նախագահի բացառիկ հնարավորությունը, սահմանվեցին կոնկրետ դեպքեր:

10 տարի անց՝ 2015 թ. դեկտեմբերին, մայր օրենքը կրկին դրվեց համաժողովրդական հանրաքվեի: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ երկրում փոխվեց կառավարման մոդելը. կիսանախագահականից անցում կատարվեց խորհրդարանական համակարգի: 2008-ից Հայաստանը ղեկավարած Սերժ Սարգսյանը թեև հրապարակային հայտարարում էր, որ կառավարման մոդելի փոփոխության նպատակն իր պաշտոնավարումը շարունակելը չէ, այդուհանդերձ ընդդիմադիր քաղաքական դաշտը հակադարձում էր՝ Սարգսյանը մայր օրենքը փոխելով՝ վերացնում է երկրի ղեկավարումը շարունակելու սահմանադրական արգելքը: 2015-ի դեկտեմբերի 6-ից հետո փոփոխված սահմանադրությամբ երկրի թիվ մեկ պաշտոնյան դարձավ վարչապետը:

Այսպիսով՝ Հայաստանի ժողովրդավարական ուղու ամրապնդման հիմնավորմամբ մայր օրենքի փոփոխությունից հետո, 2018-ի ապրիլին, Սերժ Սարգսյանը խորհրդարանի կողմից ընտրվեց և մոտ մեկ շաբաթ պաշտոնավարեց որպես վարչապետ՝ այդպիսով երրորդ անգամ ստանձնելով երկրի ղեկավարումը:

Սահմանադրությունը փոխելու հարցն օրակարգում հայտնվեց նաև հեղափոխությունից հետո իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Սահմանադրությունը փոխելու պահանջ էր հնչում հասարակական, քաղաքական շրջանակներից: 2020-ի սկզբին արդեն վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով: Իշխանությունը մտադիր էր կարճ ժամկետում մշակել Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվեր հանրային քննարկման և կներկայացվեր վարչապետի աշխատակազմին, իսկ արդեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լիներ փոփոխությունների նախագիծը:

Կորոնավիրուսի համավարակը, հետո նաև Արցախյան 44-օրյա պատերազմը փոխեց իրավիճակը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ հետպատերազմյան շրջանում իրավական անվտանգությանն առնչվող հարցերը ևս զգուշավորություն են պահանջում: Սահմանադրություն փոխելն էլ պետք է ինքնապտակ չլինի: Վարդանյանի կարծիքով՝ 2015 փոփոխությունները հնարավորություն են տալիս մայր օրենքը փոխել նաև առանց հանրաքվեի՝ պարզեցված ընթացակարգով:

Այդպիսի մի իրողություն արձանագրվեց անցած տարի հունիսին: Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվեցին Սահմանադրական դատարանի 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում