Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը՝ փորձագետների պարզաբանմամբ

ԱԱննա Ավետիսյան

ՌԴ-ն և Թուրքիան կհամատեղեն ջանքերը՝ կարգավորելու Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը՝ հայտարարել է Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Կողմերը խոսել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և Անդրկովկասում բազմապլանային տնտեսական համագործակցության առաջխաղացման մասին:

Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Ընդհանուր առմամբ, կոմունիկացիաների բացումը կունենա շատ կարևոր նշանակություն: Բայց ես կարծում եմ, որ Թուրքիան երկակի խաղ է խաղում. մի կողմից այն հայտարարություններով հանդես է գալիս, որ պետք է կոմունիկացիաների բացմանը նպաստել, մյուս կողմից՝ ունի հետին մտքեր: Կարևոր է զգոն լինենք, կարողանանք իրական նպատակները տարբերել:

Վերլուծաբանների կանխատեսումները, որ այդ երկու երկրների միջև նոր ճգնաժամ է հասունանում, կարծես չեն իրականանում: Հանդիպումը ցույց է տվել՝ կողմերը Հարավային Կովկասում և Սիրիայում հանգել են երկուստեք ընդունելի լուծումների:

Բենիամին Պողոսյան (քաղաքագետ) - Հանդիպումը ցույց տվեց, ՌԴ-ին և Թուրքիային հաջողվում է հարաբերությունները պահել համագործակցային, քան մրցակցային կամ հակամարտային դաշտում:

Կողմերը որոշել են տարբեր տարածաշրջաններում իրենց հարաբերությունները դիտարկել առանձին: Շատ տեղերում ունենալով սուր հակասություններ՝ երկու պետությունները կարողանում են գտնել համագործակցության հնարավորություններ:

Բենիամին Պողոսյան - Օրինակ՝ Սևծովյան տարածաշրջանում միանշանակ հակամարտային են: Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հետ կապված. Լիբիայում նույնպես ավելի հակամարտային են, Հարավային Կովկասում համագործակցային են, Սիրիայում ինչ-որ տեղ հավասարակշռված են:

Պակաս կարևոր չեն նաև Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների աշխարհաքաղաքական ասպեկտները՝ հատկապես ամերիկյան նոր վարչակազմի որդեգրած ակտիվ արտաքին քաղաքականության ֆոնին:

Ռուբեն Սաֆրաստյան - Էրդողանին, իմ կարծիքով, հաջողվել է Բայդենին հավաստիացնել, որ Թուրքիայի այս քաղաքականությունը ոչ միայն Թուրքիային է ծառայում, այլև նաև Արևմուտքին, գուցե նաև Միացյալ Նահանգներին:

Ադրբեջանում ռազմաբազաներ ստեղծելու մասին Էրդողանի հայտարարությունը մտահոգություններ էր առաջացրել ռուսական շրջանակներում: Լավրովը, սակայն, չի խոսել հռչակագրի և Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հարցում Մոսկվայի մտահոգությունների մասին: Թուրքիայում լավ հասկանալով հարցի նրբությունը՝ փորձում էին հնարավոր լուծումներ գտնել խնդրի սահուն կարգավորման համար՝ նշում է Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյան - Այստեղ շատ խորամանկ վարվեց Էրդողանը, հայտարարեց, որ այդ խնդիրը Ալիևը պետք է քննարկի Պուտինի հետ: Այդ խնդիրը դրեց Ալիևի վրա: Թուրքիան չի հրաժարվի այդ ծրագրից: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձեռք է բերել մի նոր որակ: Դա ռազմական զինված ուժի օգտագործումն է՝ տարածաշրջանների մի շարք կոնֆլիկտներում ակտիվ ռազմական գործողությունների մեջ մտնելով:

Փորձագետները նշում են, որ Բայդեն-Էրդողան վերջին հանդիպումը և Թուրքիա Բայդենի նախապատրաստվող այցը կարող է հանգեցնել Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման:

Սակայն առայժմ նման ազդակներ չեն նկատվում:

Հեղինակ՝ Քերոբ Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում