Փաշինյանը կտրուկ ընդհատեց Դումանյանին. ինչո՞ւ մինչև հիմա չի լուծվել ծանրամարտիկների հարցը

ԱԱնուշ Մուրադյան

Ընթացիկ տարվա համար կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը փոխվել է՝ 3.2-ից դառնալով 6 տոկոս: Գործադիրի նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: Ցուցանիշը գոհացնող է՝ ասաց Փաշինյանն ու նկատեց՝ հունվարից- հունիս գերակատարում է եղել նաև բյուջեի եկամտային մասին հավաքագրման հարցում: Այստեղ արդեն գլխավոր հարկահավաքը մանրամասնեց՝ առաջին կիսամյակում հարկային հավաքագրումները հատել են 750 մլրդ դրամի շեմը: 

ԿԻՍԱՄՅԱԿԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է

Գերազանցել են ոչ միայն նախատեսված ծրագրային ցուցանիշը՝ 683 մլրդ դրամը, այլև, ՊԵԿ նախագահի խոսքով՝ անցած 6 ամիսներին տնտեսվարողներին են վերադարձրել 84 մլրդ դրամ: Նման բարձր տեմպ ապահովելուն նպաստել է նաև հավելյալ հավաքագրված դրոշմանիշային վճարների ծավալը՝ 9.2 մլրդ դրամ՝ բացատրեց Հովհաննիսյանը: 

ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է

Թարմ ցուցանիշներ նաև էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց: Վահան Քերոբյանի գնահատմամբ՝ գյուղմթերքի արտահանման ծավալները գոհացնող են, 2020-ի համեմատ այս պահին արտահանման ծավալները կրկնապատկվել են, լավ արդյունքներ կան նաև հայկական բրենդի՝ ծիրանի հարցում: 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 8.8 ՄԻԼԻԱՐԴԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՑԱԽԻՆ

Անցնելով օրակագին. 36 հարցից զեկուցվող էին երկուսը, ու դրանցից առաջինով Կառավարությունը հերթական հատկացումն արեց Արցախին՝ 8.8 մլրդ դրամ: Գումարից 1.2 միլիարդը կուղղվի արցախցիների կոմունալ ծախսերի վճարմանը, մնացածն էլ միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի կառավարությանը: 

Այս պահի դրությամբ ծախսված 52 մլրդ դրամով 14 ծրագիր է իրականացվել, մի մասը դեռ ընթացքի մեջ է: Փաշինյանը մանրամասնեց՝ 4 ամիս արցախցիները 68-հազարական դրամ են ստացել, ընդհանուր՝ 109 հազար շահառուի տրամադրվել է 30 մլրդ դրամ: Հայաստանի Կառավարությունը փոխհատուցել է նաև պատերազմում տունը կորցրած կամ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին հյուրընկալածների ծախսերը: 

Որոշ ծրագրեր էլ արդեն ավարտվել են՝ 940 մլն դրամ հատկացվել է արցախցի կենսաթոշակառուներին ու նպաստառուներին, 3 մլրդ ծախսվել է պետական աշխատողների վարձատրությունն ապահովելու համար, 1 միլիարդ էլ՝ Արցախի տնտեսությանն է ուղղվել: Աջակցությունը կշարունակվի, բայց, ըստ Փաշինյանի, վերականգնման տրամաբանությունը պետք է փոխել, ծրագրերը դարձնել զարգացման:

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 20 ԾԱՆՐԱՁՈՂ

Զեկուցվող մյուս հարցով էլ սպորտի ոլորտը համակարգող Վահրամ Դումանյանը կառավարությունից թույլտվություն խնդրեց, որ նախարարության բյուջեից լրացուցիչ գումար հատկացվի Ծանրամարտի ֆեդերացիային: Ֆեդերացիան էլ մեկ անձից գնման տարբերակով հասցնի նոր մարզագույք ձեռք բերել ամառային Օլիմպիական խաղերին պատրաստվող հայ ծանրորդների համար: Դումանյանի զեկույցից հետո Փաշինյանը հարցրեց՝ ինչո՞ւ են հիմա հաստատման բերել, եթե դեռ ապրիլի 27-ին ծանրամարտիկների հետ հանդիպմանը պարզվել էր, որ նրանք միջազգային չափորոշիչներին համապատասխան ծանրաձողեր չունեն ու հանձնարարվել էր հարցն արագ լուծել:
 
Փաշինյանը Դումանյանին ուղիղ հանձնարարեց՝ որոշման նախագիծը վերաձևակերպել ու 20 ծանրաձողը օր առաջ տրամադրել ֆեդերացիային: Ու երբ նախարարի պաշտոնակատարը փորձեց բացատրել, թե հանձնարարականից քանի օր հետո ինչ է արվել, Փաշինյանը կտրուկ ընդհատեց:

Հատկացման հարցը դրվեց քննարկման, ընդունվեց միաձայն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում