Հակակոռուպցիոն դատարան և Հակակոռուպցիոն կոմիտե. կառավարությունը նոր մարմիններ է ստեղծում

ՇՇողիկ Գալստյան

Կառավարությունը նախատեսում է ստեղծել Հակակոռուպցիոն և Հակակոռուպցիոն Վերաքննիչ դատարաններ, որոնց գործառույթը լինելու է կոռուպցիոն գործերի մասնագիտացված քննությունը: Հակակոռուպցիոն դատարանն ունենալու է 25 դատավոր, որոնցից 20-ը կքննեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, 5-ը՝ պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և ապօրինի գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն, ըստ արդարադատության նախարարի, կունենա 10 դատավոր:

Կգործեն դատարանների դատավորների նշանակման խիստ սահմանափակումներ: Դատավոր չի կարող նշանակվել վերջին 5 տարում կարգապահական պատասխանատվության ենթարկված անձը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, մինչև ԲԴԽ-ում բանավոր քննությունը, կիրականացնի բարեվարքության ստուգում: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շեշտում է՝ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահություն չկա, ուստի նոր դատավորների ընտրությամբ նաև այդ հարցը կլուծեն: Այժմ դատարաններում ընթացող կոռուպցիոն գործերի քննությունը մասնագիտացված դատարաններին չի փոխանցվի:

Հակակոռուպցիոնի դատավորների աշխատավարձերն, ի տարբերություն մյուսների, ավելի բարձր են լինելու: «Լուսավոր Հայաստանից» կարծում են՝ պատերազմից հետո կառավարության մասնագիտացված նոր դատարանների ստեղծման հարցն առնվազն պետք է հետաձգվեր: Հայաստանն ունի անվտանգային խնդիրներ և բոլոր ռեսուրսները պետք է ուղղել այդ ուղղությամբ: Ընդդիմադիր խմբակցությունը բուն նախագծում ևս խնդիրներ է տեսնում, լինելու են արտոնյալ դատավորներ՝ ավելի բարձր աշխատավարձով:

Բացի մասնագիտացված դատարաններից, կառավարությունը նախատեսում է ստեղծել նաև նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի իրավասությունը լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իիրականացումը: Կոմիտեի ստեղծմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում և Պետեկամուտների կոմիտեում պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները և փոխանցվեն այս նոր մարմնին:

Այս դեպքում ևս քննիչներն ավելի բարձր են վճարվելու, քան մյուս իրավապահ կառույցների իրենց գործընկերները: Ի դեպ, մամուլում որպես կոմիտեի հավանական նախագահ, շրջանառվում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանի անունը: Բադասյանը պարզաբանում է՝ քննչական նոր մարմնի ղեկավարին ընտրելու է մրցութային հանձնաժողովը:

Ընդդիմադիր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ բոլոր մարմիններից քննիչներին մեկ մարմնում միավորելով գործադիր իշխանության վերահսկողության լծակները կմեծանան:

Երկու փաթեթներն էլ արժանացամ պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Դրանք ներառված են առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում