Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ. Սերգեյ Լավրով

ՄՄարի Կոստանյան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանից մեկնելիս օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան ներառում է մեր երկու երկրների հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Պատվիրակության կազմում են ՌԴ երկու փոխվարչապետները՝ Նովակն ու Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարարը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը, «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավարը, ֆինանսների նախարարության ղեկավարության ներկայացուցիչը:  Զուգահեռաբար՝ այս պատվիրակության հետ հանդիպումներ են եղել ՀՀ ղեկավարության, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ:

Այստեղ ներկայացված բոլոր գերատեսչությունների հետ մենք համապարփակ բանակցություններ ենք ունեցել: Հիմնականում ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հստակ ու լիակատար իրականացման ապահովմանն ու քաղաքացիական բնակչությանն օգնելու նպատակով խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին:  

Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Միանշանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել:

Հանդիպել ենք նաև ՀՀ նախագահի հետ: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: Նրանք կնպաստեն այն ամենին, որպեսզի այս պայմանավորվածությունն այսուհետև իրականացվի: Նրանք բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագիրը:  

Խոսել ենք երկկողմ ընթացիկ գործերի մասին՝ այդ թվում նաև (երբ ավարտվեն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները) առևտրատնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստի անցկացման, Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջտարածաշրջանային ֆորումի, նաև խորհրդարանի ու առանձին գերատեսչությունների գծով ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում