Ադրբեջանը ՄԻԵԴ է ներկայացրել հայ ռազմագերիների վերաբերյալ հայկական կողմին չբավարարող տեղեկություններ

ՄՄայա Խաչատրյան

Հայ ռազմագերիների վերաբերյալ Եվրադատարան ներկայացրած Ադրբեջանի տեղեկությունները բավարար չեն. ՄԻԵԴ-ը Բաքվին լրացուցիչ հարցադրումներ կուղղի: Ստրասբուրգում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչները դիմել էին Եվրադատարան այդ անձանց հիմնարար իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ) - Մենք այս պահին, այո, ստացել ենք իրենց տեղեկատվությունը, դրա վերաբերյալ ունենք դիրքորոշում, որը ներկայացնելու ենք դատարանին:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ իրենց հայտնի են Ադրբեջանում 22 հայ ռազմագերու վերաբերյալ տեղեկություններ: Անհատական գանգատով Եվրադատարան են ներկայացրել 13 գործ:

Սիրանուշ Սահակյան - 7 զինծառայող գտնվում է Դատարանի կիրառված միջոցի կամ գործողության հսկողության ներքո, իսկ 8 զինծառայողի առչությամբ սպասում ենք պատասխանի: Պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն զինծառայողների անունները:

5 զինծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրադատարանն Ադրբեջանի կառավարությունից պահանջել էր մինչև նոյեմբերի 3-ը փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների ու բուժսպասարկման մասին:

Սիրանուշ Սահակյան - Քանի որ Ադրբեջանի օմբուդսմենը համարվում է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, վերջիններս, վկայակոչելով օմբուդսմենի այցերը, փորձում են մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հիմնավորել, որ գործում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, և գերիների վարվեցողության խախտումներ չկան:

Եվրադատարանի դիրքորոշումն է՝ պետությունները գործեն հումանիտար իրավունքի սահմանում և հարգեն ռազմագերիների հետ վարվեցողության կանոնները, արժանապատվությունը, չենթակեն խոշտանգումների, կյանքի դեմ ոտնձգող քայլ չձեռնարկեն:

Սիրանուշ Սահակյան - Հասկանալի է, որ վերացական միջոցների կիրառման հսկողությունը բարդություններ ունի. շատ լավ տեսանք, որ Եվրոպական դատարանն անհապաղ միջոց կիրառեց քաղաքացիական բնակավայրերը չհրետակոծելու առնչությամբ, բայց այդ գործողությունները շարունակվում են: Այս ռիսկը հաշվի առնելով է, որ նպատակահարմար գտանք անհատապես, յուրաքանչյուր ռազմագերու, ում անհատական տվյալների տիրապետողը դառնում ենք, վերցնել ուժեղացված պաշտպանության ներքո:

Իսկ Ադրբեջանի կառավարությունը պնդում է, թե Եվրադատարանն անհատական միջոցի կիրառման կարիք չունի, անգամ չկա վերացականի անհրաժեշտությունը, կիրառած գործողությունն էլ պետք է վերացնի: Դատարանը չի համաձայնել մոտեցմանը և մշտական մոնիտորինգ է սահմանել ռազմագերիների առնչությամբ:

Սիրանուշ Սահակյան - Դատարանը կարևորել է միջպետական, միջազգային հսկողական մեխանիզմների գործունեությունը երկու երկրներում, ամենայն հավանականությամբ, դրա տակ հասկանալով նախևառաջ «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեին:

Դատարանը մեծ արժանահավատություն չի տվել ներպետական ընթացակարգերին: Կարևորը, ըստ Սիրանուշ Սահակյանի, ավելի անկախ դիտորդական խմբերի առաքելությունն է, ինչպիսին կարող է լինել «Կարմիր խաչը»: Եվրադատարանը կարևորել է միջազգային կառույցների այցերը ռազմագերիներին, խնդրել արագացնել փոխանակումը, բայց մինչև փոխանակման փաստացի գործընթացի կազմակերպումը, մշտական հսկողություն սահմանել բոլոր ռազմագերիների նկատմամբ, ինչը ռազմագերիների շահերի ներկայացուցիչները համարում են ամենակարևոր քայլը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում