Արցախցի կանանց արդարության պահանջը ԱՄՆ դեսպանատան մոտ

ՀՀովհաննես Վարդանյան

Կանայք և երեխաներն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ: Խաղաղ ակցիայի մասնակիցների նպատակը չի փոխվում, բայց լռությունն օր օրի ավելի է ամրապնդում իրենց պայքարի ուժը:

Լիանա Ադամյան («Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ) - Մեր օրակարգը նույնն է. ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր, պարտադրի հրադադար Ադրբեջանին, սանձի Թուրքիային, Ադրբեջանին ահաբեկչության համար: Ես այսօր այստեղ եկել եմ իմ ընկերների համազգեստով, ես զոհված Արմեն Դոլուխանյանն եմ, որ երեկ է զոհվել, Արթուր Բաբայանն եմ, ում մարմինը 30 օր է՝ հողին չեն հանձնում, որովհետև մոխրացել է, ես անհայտ կորած Միշա Մարտիրոսյանն եմ՝ 18 տարեկան, որին տարել են գերեվարության, և չգիտեն ինչ կտտանքների է ենթարկվում այս տղան, ես ապագա զինվորի մայր եմ, եկել եմ պահանջատիրությամբ, և ես Արցախն եմ:

Լռել չեն պատրաստվում, թակում են միջազգային կազմակերպությունների, դեսպանատների դռներն ու փաստերով պատմում Արցախում տեղի ունեցող վայրագությունների մասին:

Սիրանուշ Սարգսյան («Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ) -  Մենք մինչև վերջին մարդը պայքարելու ենք, ու այդ տեռորիստներն իրենք, մեկ ա, ով կա, մեռնելու է, կամ թողնելու են, գնան: Իսկ գնալու են ո՞ւր: Գնալու են Վրաստան, Ռուսաստան, Իրան, այնտեղից՝ Եվրոպա ու ԱՄՆ: Ես ասել եմ՝ սպասեք նրանց հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Կանայք ապացուցելու շատ բան ունեն, հասցեական կոչերով ինչքան պետք լինի, կգան, կկանգնեն ու արդարություն կպահանջեն, նաև կստիպեն աշխարհին Արցախին նայել իրական հայացքով:

Արևիկ Դանիելյան - Մենք ենք թիկունքը ու պետք ա ուժեղ լինենք, ու պահանջում ենք, որ աշխարհը լսի ու չփակի աչքերը, օր առաջ վերջ տա էս ամեն ինչին, կանգնի Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ և թույլ չտա՝ ևս մեկ անգամ Ցեղասպանություն կրկնի:

Ամերիկայից պահանջում են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, դադարեցնել նաև Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Երեխաներն էլ մայրերի հետ են շրջում արդարության պահանջով. կարոտել են իրենց տունը, հայրենի հողը...
 
Մեծ, թե փոքր՝ կապ չունի, թիկունքում էլ կռիվ կտան: Ցուցապաստառներին կգրեն, կջնջեն, կերգեն ու հավատով կլցվեն...

Արցախցու կամքն անկոտրում է, Արցախում կռվող զինվորը՝ անպարտելի...

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում