Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ էդգար Շաթիրյանի թեկնածությունը:
Անցած տարվա նոյեմբերին այժմ արդեն ՍԴ դատավորի պաշտոնին հավակնող Շաթիրյանին իշխող խմբակցությունն առաջադրել և ընտրել էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Երբ հանձնաժողովի նախագահ էր ընտրվել «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն, Շաթիրյանը հրաժարական էր ներկայացրել: «Իմ քայլը» խմբակցության հետ օրեր առաջ ունեցած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, նա պարզաբանել էր նաև, թե ինչու է այն ժամանակ նման որոշում կայացրել: Իշխող խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը «Լուրերին» հայտնեց՝ այդ առնչությամբ թեկնածուից պարզաբանումներ ստացել են:
Սահմանադրական դատարանի երեք դատավորի թափուր տեղերի առաջադրումների համար սահմանված երկամսյա ժամկետը կլրանա վաղը: Առաջադրումները պետք է կատարվեին հաջորդաբար` կառավարության, հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Հերթականությունը կպահպանվեր, եթե կառավարության առաջադրած առաջին թեկնածուն՝ Վահրամ Ավետիսյանը, սուր քննադատությունների ֆոնին, չհրաժարվեր դատավոր ընտրվելու համաձայնությունից:
Այսպիսով՝ արդեն հայտնի են Սահմանադրական դատարանը լքած երեք դատավորին հնարավոր փոխարինողների անունները: Հանրապետության նախագահի թեկնածուն ավելի քան մեկ տարի առաջ Ազգային ժողովի կողմից չընտրված Արթուր Վաղարշյանն է, դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանի, կառավարությունն, ինչպես հայտնի դարձավ, Էդգար Շաթիրյանի թեկնածությունը: Սիսակ Գաբրիելյանը դժվարանում է ասել՝ իշխող խմբակցությունն ինչպես կքվեարկի:
Բարձր ատյանում դատավորի պաշտոնին հավակնող երեք անձից միանշանակ չի ընդունվել Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: Որոշ իրավապաշտպաններ կասկածի տակ դրեցին նրա անաչառությունը՝ համարելով, որ Խունդկարյանը նախկին իշխանության կադր է:
Խորհրդարանում դատավորի թեկնածուներին ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի կողմ քվեն: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը» թեև նախկին դատավորների պաշտոնանկության գործընթացը համարում է անօրինական և դիմել է սահմանադրական դատարան, այդուհանդերձ, հստակ որոշում դեռ չունի՝ կմասնակցի՞ քվեարկությանը, թե՞ ոչ: Առաջիկայում նիստ կհրավիրեն, կորոշեն: Խմբակցությունից Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ առաջադրված թեկնածուներն ապաքաղաքական կերպարներ են:
Իսկ թե որքան կհասցնի աշխատել բարձր դատարանի առաջիկայում ձևավորվելիք կազմը՝ հաշվի առնելով, որ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում լինելու է վճռաբեկ և սահմանադրական դատարանների միավորման հարցը, իշխող ուժի ներկայացուցիչը դժվարանում է ասել: Խորհրդարանում դատավորների ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի կեսին՝ նստաշրջանի մեկնարկին:

Վարչապետի տիկնոջ սկսած արշավը դարձել է ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթի հիմք

Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի

Մեղադրյալը բանկից հափշտակել է 802 մլն 968 հազար դրամ. հանցավոր սխեմայում ներգրավել է այլ անձանց

288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

«Մեգա թրեյդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 849 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին

Մակրոնը հանդիպումներ է ունեցել Թրամփի և Զելենսկու հետ

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է



