ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցվի, ապա նոր հարվածներ հասցնելու կարիք, ամենայն հավանականությամբ, չի լինի: «Դա կախված է նրանից՝ արդյոք նրանք ուժեղ համաձայնագիր կկնքե՞ն, թե՞ ոչ», - նշել է նա՝ հավելելով՝ ԱՄՆ-ն նույնականացրել է Իրանում գտնվող հնարավոր ենթակառուցվածքային թիրախներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ և կամուրջներ, և կարող է մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել 38 կամուրջ:
Թրամփը նաև հայտարարել է, որ «Երկաթե դարպաս» օպերատիվ խումբը արդյունավետորեն գործում է: «Շատ քիչ բան է մտնում Իրան և դուրս գալիս այնտեղից»,- նշել է նա:
«Երկաթե դարպաս» խումբը գործում է Ֆլորիդայում և ԱՄՆ կառավարության այլ գերատեսչությունների հետ համակարգմամբ պետք է կանխի առաջադեմ սպառազինությունների, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ապօրինի ֆինանսական հոսքերի տեղաշարժը դեպի Իրան:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը հայտարարել է, որ այս օպերատիվ խումբը չի օգնի Վաշինգտոնին հասնել իր նպատակին և տնտեսապես կործանել Իրանը:
Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի դեմ առաքելությունը դեռ ավարտված չէ: Իսրայել Կացը կրկնել է այն մեղադրանքները, թե Իրանը փորձում է վերականգնել միջուկային զենք ստանալու հնարավորությունները: Իսրայելը չի կարող ընդունել այս սպառնալիքները և կգործի ըստ անհրաժեշտության, նշել է նա:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում:













