Նախ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նոր Սահմանադրության ընդունումը մեր նախընտրական ծրագրում է, և մենք ստացել ենք ձայների մեծամասնություն՝ բացարձակ մեծամասնություն, այսինքն՝ ավելի շատ, քան 2021 թվականի ընտրություններում։ Այսինքն՝ 700 հազարից ավելի քաղաքացի քվեարկել է նախընտրական ծրագրի օգտին, և մենք պետք է իրականացնենք այդ ծրագիրը։ Մենք ունենք այդ մանդատն այդ ծրագիրն իրականացնելու համար։ Այդ մասին ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նոր Սահմանադրության վերաբերյալ հարցին։
«Ինչ վերաբերում է ընդդիմությանն արվող առաջարկին, ես երեկ ԱԺ հարցուպատասխանից հասկացա, որ կա առաջարկ, որից իրենք չեն կարող հրաժարվել, բայց մենք պետք է աշխատենք, որպեսզի այդ առաջարկը ձևակերպենք, որովհետև ընդդիմությունն ինքը, ըստ էության, լրացուցիչ քայլ արեց և Սահմանադրության գործընթացը կապեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի հետ և, ի վերջո, արձանագրեց նաև խաղաղության օրակարգի հետ կապվածությունը՝ որոշակի շեշտադրումներով։
Այսինքն՝ ընդդիմությունը հարց բարձրացրեց, որին մենք պետք է պատասխանենք, կամ ես կոնկրետ պետք է պատասխանեմ։ Եվ եթե ես ունենամ այդ պատասխանը, դա ինձ մղում է մտածելու, որ ես իրոք կկարողանամ անել առաջարկ, որից ընդդիմությունը չի կարողանա հրաժարվել։
Նախորդ անգամ ես ասում էի, որ արտահերթ ընտրությունները գործիքներից մեկն են, բայց երեկվա ԱԺ հարցուպատասխանն ինձ համար ակնհայտ դարձրեց, որ հավանականությունը շատ մեծ է, որ բանն արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ, ընդհակառակը, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը պարզապես չի կարող հրաժարվել։
Իրենք, չգիտեմ՝ դիտավորյա՞լ արեցին, թե՞ չիմացության բերումով, բայց հարցուպատասխանի արդյունքներով հնարավորություն տվեցին, որպեսզի մենք գործընթացը տանենք այնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն։ Շատ մեծ հնարավորություն ստեղծեցին, բայց այսօր չէ այդ հնարավորությունը։ Մենք դեռ աշխատանք ունենք անելու, և ես այսօր չեմ կարող երաշխավորել, որ այդ առաջարկը կկարողանամ ձևակերպել։
Հասկանում եմ, որ շատ մութ եմ խոսում, մշուշոտ եմ խոսում, բայց չեմ կարող ավելին ասել։ Եթե ընդդիմության տված հարցին ես հստակ պատասխան ունենամ, իսկ հարցը հետևյալն է՝ արդյոք սա վերջին կե՞տն է գործընթացում՝ տարածաշրջանային և խաղաղության գործընթացում, այդ դիտանկյունից մենք պետք է ավելի ուշադիր նայենք հարցին»,- նշեց վարչապետը։













