Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու
Իսրայելի վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Այդ ընթացքում մի շարք երկրների պատվիրակություններ լքել են դահլիճը: «Եթե այս սենյակում մնացել են այլ վախկոտներ, որոնք դեռ չեն հեռացել, խնդրում եմ, հեռացե՛ք հիմա»,- հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։
Իր ելույթում նա անդրադարձել է Իրանին, նշել, որ թույլ չի տվել Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ստանալ, որը, ըստ Նեթանյահուի, կարող էր ուղղվել Իսրայելի դեմ: Նաև, նրա խոսքով՝ Իրանում շուտով կարող են աներևակայելի իրադարձություններ տեղի ունենալ, այդ երկրի վարչակարգը կտապալվի: Իսրայելի վարչապետը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ իրանական ռազմական ներուժը ոչնչացնելու հարցում աջակցության համար: Նա հավելել է, որ գրեթե ոչնչացրել են նաև «Հըզբոլլահը» և թույլ չեն տալիս ողջ մնացած զինյալներին խմբավորումներ ստեղծել: Նեթանյահուն նաև հերքել է մեղադրանքները, որ Հրեական պետությունը Գազայում ցեղասպանություն է իրականացրել: «Մենք կանխել ենք ցեղասպանությունը»,- շեշտել է նա:
Նեթանյահուն դիմել է Սիրիայի նախագահին, հայտարարել՝ հրեաները Գոլանի բարձունքներում են եղել դեռ Մովսեսի ժամանակներից, և խորհուրդ տվել Ահմեդ աշ Շարային կարդալ այդ մասին Աստվածաշնչում։
Նեթանյահուի ելույթը բողոքի ալիք է բարձրացրել Նյու Յորքի բնակիչների շրջանում: Մարդիկ հավաքվել են ՄԱԿ-ի շենքի դիմաց, կոչ արել դադարեցնել Իսրայելին աջակցությունը, բերման ենթարկել Նեթանյահուին: Ոմանք պաստառներ են կրել՝ «Պաղեստինը չի վաճառվում» գրվածքով:
Մանրամասները՝ տեսաշարում:
Դիտումներ81









